Այսօր լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցեր նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականից հետո իրենց նախարարությունում 41 մեքենա են կրճատել: Մենք հետաքրքրվեցինք՝ քանի՞ մեքենա ունեիք, որ այդքանը կրճատվել է՝ նա պատասխանեց. «Ամբողջ համակարգում, ներառյալ պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, 145 մեքենա են ունեցել, 41-ը կրճատվում է: Ինչ վերաբերում է աշխատակազմերին, խնդիր դրված չի կրճատում անելը: Կրճատումն ինքնանպատակ չէ: Խնդիրը վերաբերում է գործառույթներին, նրանց կրկնողություններին, բիզնես գործառույթների ուսումնասիրմանը, որ եթե կան բացեր, դրանց շրջանակներում օպտիմալացում կլինի»:
Հարցին՝ կա՞ն վերլուծություններ, թե կառավարության հայտարարած օպտիմալացման արդյունքում գործազրկությունը որքանով կաճի, հաշվարկներ արե՞լ եք՝ նախարարը պատասխանեց, որ քանի դեռ չունեն տվյալներ, թե քանի հոգի է կրճատվել, չեն կարող դա ասել:
Մեր հարցին՝ քանի դեռ երկրում աշխատատեղեր չկան, կառավարության այդ որոշումը սոցիալական խնդիրներ չի՞ առաջացնի՝ նախարարը պատասխանեց, որ այսօր որեւէ որոշում չկա՝ կրճատման հետ կապված: Հարցին՝ աղքատությունը երկրում չի՞ ավելանա ամեն դեպքում, եթե օպտիմալացում արվի՝ նախարարը պատասխանեց՝ «Չեմ կարծում»:
Երեկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատմել էր, թե ինչպես է ինքը նախարարությունում խնայողություններ անում, բարկանում է, երբ օրը ցերեկով նախարարության լույսերը վառ են թողնում: Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք նման աշխատանքներ նախարարությունում անո՞ւմ եք՝ Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Դա միշտ է եղել: Ընդհանրապես կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեզնից իր աշխատավայրում պիտի վարվի այնպես, ինչպես իր տանն է վարվում: Եվ այդ ուղղությամբ, կարծում եմ, իսկապես մեր բոլոր աշխատողներն էլ գիտակցելով՝ հենց այդ ուղղությամբ են աշխատանքն անում, եւ ես բավարարված եմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ