2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը։ Այս իրողությունը հանգիստ չի տալիս Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներին և հատկապես թուրք լրագրողներին ու հրապարակախոսներին, որոնք պարբերաբար վերլուծականներ են գրում այս թեմայով։ Այդպիսի մի հոդված է հրապարակել նաև թուրք սյունակագիր Ուղուր Դյունդարը։
Հոդվածագրի հեղինակած վերլուծությունը տեղադրվել է թուրքական sozcu.com ինտերնետային կայքում։ Սկզբում Դյունդարը նշում է, որ Թուրքիան, զբաղված լինելով ահաբեկչության դեմ պայքարով, նոր վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցերով, կարծես աչքաթող է արել Թուրքիայի համար կենսական նշանակություն ունեցող Գերմանիայի խորհրդարանում հայտնված նախագիծը։
Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն վերլուծություն կատարելու նպատակով Դյունդարը զրույցի է հրավիրել Թուրքիայի դիվանագիտության պատմության մեջ լուրջ ներդրում ունեցած արտակարգ և լիազոր դեսպան, այժմ թոշակառու Մուսթաֆա Շյուքրու Էլեքդաղին։ Նախկին դեսպանի կարծիքով՝ Գերմանիայի խորհրդարանում հայտնված նախագիծը գերմանացիների մեղքի զգացողության արտացոլումն է, որոնք չգիտեն ինչ անել և դրա հետևանքով էլ մեղադրում են Թուրքիային՝ ցեղասպանություն կատարելու համար՝ բիծ քաշելով Թուրքիայի պատմության վրա, այդպիսով փորձելով հանգստացնել սեփական խիղճը։
Դեսպանի կարծիքին զուգահեռ հոդվածագիրը ներկայացնում է սեփական տեսակետը՝ նշելով, որ ինքն ուղղակի չի պատկերացնում, թե ինչպես է Գերմանիան պատրաստվում համեմատություն կատարել 6 միլիոն անմեղ հրեայի ցեղասպանության և հայկական կոտորածների միջև։