Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդում հակակարկտային կայաններ չկան, գյուղացիները տուժում են

Մայիս 26,2016 11:53

Մայիսի 23-ին եւ 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում տեղացած կարկուտը եւ քամին մեծ վնասներ են պատճառել գյուղատնտեսությանը: Սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվող Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ կարկուտի վնասը ավելի մեծ էր մայիսի 23-ին, այն ուղեկցվում էր ուժգին քամիով: Դրա հետեւանքով պոկվել են էլեկտրական լարեր, ընկել՝ հենասյուներ: Գյուղապետն ասաց, որ վնասված էլեկտրական ցանցը վերականգնվել է:

Ս. Սաղոյանը հայտնեց, որ կարկտահարությունից վնասվել են Չինարիի խաղողի այգիները: Նկատի ունենալով ադրբեջանական զինուժի կողմից Չինարիի գնդակոծությունները, նա ասաց. «Թուրքի կողմից երկաթե կարկուտը մի կողմից, կարկուտն էլ՝ մյուս»:

Գյուղապետը թերահավատ է, որ պետության կողմից կփոխհատուցվեն կարկտահարության պատճառած վնասները, հիշեցնելով, որ այս տարվա ապրիլի լույսի 23-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից Չինարիի խաղողի այգիներից ակնկալվող բերքի 30-40 տոկոսը ոչնչացավ, սակայն փոխհատուցում չեղավ:

Տավուշ համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանից տեղեկացանք, որ մայիսի 23-ին, օրվա երկրորդ կեսին քամու ուղեկցությամբ 20-25 րոպե տեղացող կարկտից գյուղի շուրջ 20 հեկտար խաղողի բերքը 800-100 տոկոսով վնասվել է: Կարտահարությունից Տավուշի 12 ջերմոցները ծածկող ցելոֆանները պատռվել են, դրանցում առկա բերքին վնաս է հասցվել:

Սահմանամերձ Արծվաբերդ համայնքի ղեկավար Վոլոդյա Ուզունյանն ասաց, որ մայիսի 24-ին ուժեղ քամու ուղեկցությամբ տեղի ունեցած կարկտահարությունը 20-60 տոկոսով վնաս է հասցրել գյուղի 300 հեկտար աշնանացանին, նաեւ՝ կարտոֆիլի եւ լոբու ցանքերին:

Գյուղապետը, որը մասնագիտությամբ գյուղատնտես է՝ ավտոմեքենայով շրջել է դաշտերում, համոզվել, որ բնական տարերքի պատճառած վնասը մեծ է: Արծվաբերդի գյուղապետարանը վնասները հաշվարկող հանձնաժողով է ձեւավորել, որը ճշտում է կարկտահարության վնասները:

Վ. Ուզունյանը հայտնեց, որ աշնանացան ցորենի հասկն արդեն դուրս էր եկել, բացված հասկերը կարկտից ջարդվել են: Նա ասաց, որ մայիսի 24-ին կարկտահարությունից տուժել են նաեւ Բերդի տարածաշրջանի Նորաշեն, Վերին Կարմիրաղբյուր համայնքները: Վ. Ուզումյանը չի հավատում, որ կարկտահարությունից տուժած գյուղացիներին պետական փոխհատուցում կհատկացվի:

Նա ասաց, որ Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայաններ չկան: Գյուղապետի խոսքերով՝ իրենց համայնքը կարող է նման կայանի համար պահանջվող 4 միլիոն դրամը հատկացնել, սակայն տարածաշրջանում լոկատոր չկա, առանց որի հակակարկտային կայանը չի կարող գործել:

Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ առաջիկայում, եղանակի կայունանալուց հետո, մարզպետարանի աշխատողները մեկնելով այդ տարածք՝ կճշտեն վնասի չափերը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031