Պատգամավոր Հրանտ Բագրատյանը գտնում է, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար։ Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել 1970 թվականից։
– Պարոն Բագրատյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 23–ին Ստամբուլում ՄԱԿ–ի Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը «կեղտոտ բոմբ» ունի, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան ու դադարեցնի «Հայաստանի կողմից սպառնացող միջուկային վտանգն ու շանտաժը»։ Փաստորեն միջուկային զենք ունենալուն վերաբերող Ձեր հայտարարությունը նման արձագանք ունեցավ, եւ Ադրբեջանի ղեկավարները կոչ են անում պատժել Հայաստանին։
– Բայց ինչո՞ւ պատժել, Հայաստանը նման «միջուկային զենք» ունի 1970 թվականից։ Այդ ինչո՞ւ Ադրբեջանը 46 տարի հետո որոշեց, որ դրա համար պետք է Հայաստանին պատժել։
– Պատերազմական օրերին Ձեր այդ հայտարարությունը կարծես թե
Կարդացեք նաև
պատճառ դարձավ դրա համար։
– Դե, եթե պատճառ եղավ եւ Ադրբեջանը խելքի եկավ ու պատերազմը կանգնեցրեց, ուրեմն դա շատ լավ է:
– Կարծում եք, հրադադարը Ձեր այդ հայտարարությա՞ն արդյունքում եղավ:
– Դուք եք ասում։ Եվ ոչ միայն դուք։
– Չե՞ք կարծում, որ Ձեր հայտարարության արդյունքում միջազգային կառույցները, օրինակ, էներգետիկ ոլորտը վերահսկող ՄԱԳԱՏԵ–ն կգա Հայաստան ու կսկսեն միջուկային զենք որոնել։
– Դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ եք հարցնում։ Հայաստանի միջուկային պոտենցիալը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Հայաստանի կողմից «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի պահանջների կատարման վերաբերյալ երեկ պարզաբանում էր տարածել, որում մասնավորապես նշված էր. «ՀՀ-ում մշտապես իրականացվում է հաշվառում և վերահսկողություն առկա միջուկային նյութերի նկատմամբ, որոնք կարող են կիրառվել միջուկային զենք ստեղծելու համար:
Միջուկային զենքի չտարածման պայմանագրի եւ ԱԷՄԳ-ի երաշխիքների կիրառման համաձայնագրի հետ կապված վերահսկողությունը իրականացվում է երեք մակարդակներով`
Տեղակայանքի մակարդակ – միջուկային նյութերի հաշվառումը և հսկողությունը իրականացնում է տվյալ տեղակայանքի անձնակազմը:
Պետական մակարդակ – հաշվառումն ու վերահսկողությունը իրականացնում է օրենքով ճանաչված պետական մարմինը՝ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Միջազգային մակարդակ – հաշվառումն ու վերահսկողությունը իրականացնում է ԱԷՄԳ-ն տեսչական անձնակազմը:
Նշված պայմանագրերով և ՀՀ օրենքներով սահմանված կարգին համապատասխան ԱԷՄԳ-ի տեսուչները պարբերաբար անցկացնում են տեսչական ստուգումներ, իր հերթին ՀՀ-ն ԱԷՄԳ-ին է ներկայացնում համապատասխան հաշվետվություններ եվ հայտարարագրեր:
Սահմանված կարգի համաձայն, ԱԷՄԳ-ի կողմից տեղադրված են անընդհատ հսկողության տեսասարքեր՝ հետևելու միջուկային նյութի տեղաշարժին:
Միջուկային նյութեր պարունակող օբյեկտները, պահոցները, հանգույցները կնքված են հատուկ կնիքներով, որոնց ցանկացած վնասումը արբանյակային կապի միջոցով անմիջապես կարձանագրվի ԱԷՄԳ-ի հատուկ ստորաբաժանման կողմից:
ԱԷՄԳ-ի տեսուչները մինչ այժմ ՀՀ-ում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել»: