Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն հարցազրույց է տվել տեղական լրատվական գործակալություններից մեկին, որի ժամանակ ուշագրավ հայտարարություններ է կատարել։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան The Washington Post պարբերականը։
Վարչապետն անդրադարձել է մուսուլմանների խնդիրներին և ասել, որ ինքը չի ցանկանում Սլովակիայում մուսուլմանական համայնք տեսնել, քանզի ցանկանում է պահպանել իր երկրի շահերն ու նկարագիրը։
Վարչապետ Ֆիկոն նշել է նաև, որ իր երկրին խորթ է բազմատեսակ մշակույթների համադրությունը և սեփական երկրի մշակույթը պահպանելու նպատակով թույլ չի տա որպեսզի փոխվի Սլովակիայի ազգային նկարագիրը. «Ես չեմ ուզում այստեղ ապրեն մուսուլմաններ, որոնք ցանկանում են հետևողականորեն իրականացնել իրենց նպատակները»։
Տեղեկացնենք, որ 5,4 միլիոն բնակչություն ունեցող Սլովակիայի վարչապետ Ֆիկոն բազմիցս կտրուկ հայտարարություններ է կատարել մուսուլմանների հասցեին, վերջերս էլ Հունգարիայի կառավարության հետ միասին դիմել է եվրոպական համապատասխան ատյաններին, որպեսզի Սլովակիան իրավունք ունենա չտրամադրել կացության իրավունք 802 փախստականի, որոնք Եվրամիության որոշմամբ պետք է հանգրվանեին Սլովակիայում։