Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկական արծաթ եւ բրոնզ՝ խուլերի աշխարհի առաջնությունում

Մայիս 26,2016 10:35

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում: Մասնակից 24 երկրների ներկայացուցիչները հաղթողներին որոշեցին յոթ տարբեր մրցաշարերում:
Երեկ «Առավոտը» աշխարհի առաջնությունն ամփոփել խնդրեց գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանին:

-Պարոն Վարդապետյան: Դուք հիմա որպես գլխավոր մրցավար պետք է լինեիք Ռումինիայում, որտեղ մայիսի 27-ին մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

-Այո: Շախմատի եվրոպական միությունն այդ պատասխանատու գործը վստահել է ինձ: Բայց հաշվի առնելով խուլերի աշխարհի առաջնության կարեւորությունը, որը առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, որոշեցի ստանձնել նաեւ դրա գլխավոր մրցավարի պարտականությունը, ինչը համաձայնեցրել եմ Եվրոպայի շախմատային միության եւ կազմակերպիչների հետ: Խուլերի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո մեկնում եմ Ռումինիա: Այնպես որ, կհասցնեմ զբաղվել իմ պարտականություններով:

-Խուլերի աշխարհի առաջնությունը կգնահատե՞ք:

-Շատ ուժեղ կազմ էր հավաքվել Երեւանում: Պայքարում էին գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, պատանիներ: Նախապես ասեմ, որ Հայաստանի ներկայացուցիչները մեզ ուրախացրին, թեեւ նրանցից առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք: Պատանիների 4-րդ աշխարհի առաջնության շրջանակներում Սարո Մելքոնյանը 4,0 միավորով նվաճեց արծաթե մեդալ, իսկ վետերանների 2-րդ աշխարհի առաջնությունում հայաստանցի Հակոբ Հակոբյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Սա մեծ հաջողություն է խուլերի շախմատի ոլորտում: Ի դեպ, Սարո Մելքոնյանը եզրափակիչ տուրից առաջ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն վիճակահանության արդյունքով նա վերջին տուրում ազատ էր: Դա եղավ պատճառը, որ նրա գլխավոր մրցակիցը ի վերջո կարողացավ շրջանցել Սարոյին:

-Այս առաջնությունը ի՞նչ տվեց հայկական շախմատին:

-Շատ բան: Վստահ եմ, որ այն չափազանց օգտակար եղավ լսողության հետ կապված խնդիրներ ունեցող մեր շախմատիստների համար: Իսկ մեր երկու մեդալակիրների արդյունքները ցույց տվեցին, որ այստեղ էլ Հայաստանը ունակ է բարձր արդյունքներ ցույց տալ, ինչպես սովորական շախմատում: Ճիշտ է, ես նախ եւ առաջ անկեղծորեն ցանկանում եմ, որ բոլորը լինեն առողջ: Բայց ուզենք թե չուզենք, խնդիրը կա եւ շախմատը այդ կարգի մարդկանց հասարակությանը լիարժեք ինտեգրվելու հիանալի միջոց է:

-Տեղյա՞կ եք, թե շախմատիստները, որոնց ճնշող մեծամասնությունն առաջին անգամ էր եկել, ինչ տպավորություններով են հրաժեշտ տալիս Երեւանին:

-Լավ կլիներ, որ իրենց դիմեիք: Բայց մի հետաքրքիր բան ասեմ, որը, կարծում եմ, նաեւ ձեր հարցի պատասխանն է: Այս առաջնության շրջանակներում անցկացվեց նաեւ Եվրոպա-Ասիա մրցամարտ: Հայաստանցիները, ինչպես նաեւ Եվրոպայի ուժեղագույն ներկայացուցիչներից շատերը չմասնակցեցին այդ մրցամարտին: Եվ գիտե՞ք ինչու: Մրցամարտի այդ օրը ծրագրով էքսկուրսիա էր նախատեսված Գառնի եւ Գեղարդ: Եվ նրանցից շատերը հրաժարվեցին մրցամարտից՝ գերադասելով բաց չթողնել Հայաստանի հազարամյա պատմությանը ծանոթանալու բացառիկ առիթը:

-Ռումինիայում մեկնաարկող կանանց Եվրոպայի անհատական առաջնության գլխավոր մրցավարը դուք եք: Հայաստանից ովքե՞ր են մասնակցելու:

-Չորս հոգի՝ Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամները, բացի Էլինա Դանիելյանից: Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը: Էլինան չի մասնակցում հարգելի պատճառով: Նա պատրաստվում է մայր դառնալ:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031