Մինչ կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում հեղուկ վառելանյութի ոլորտում՝ խնդիրները բացահայտելու եւ հավասար հարաբերություններ ձեւավորելու ակնկալիքով, նախօրեին շուկայի մասնակիցները վերստին միահամուռ բարձրացրին բենզինի գինը (թանկացել է լիտրի հաշվով 10 դրամով)։
Մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարելուց անմիջապես հետո կառավարությունն առաջին քայլերը սկսեց հենց վառելանյութի շուկայից։ Մայիսի 18-ին վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց վառելանյութի շուկայի վիճակն ու խնդիրները։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց մաքսային վարչարարությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված չափանիշներին, վառելիքի շուկայում ընթացակարգերի դյուրացման հնարավորություններին։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարչապետ Հ.Աբրահամյանը, կարեւորելով վառելանյութի շուկայում «օրենքով սահմանված կարգով բոլոր տնտեսավարողների համար ազատ, մրցակցային եւ հավասար պայմանների ապահովումը», հանձնարարեց սեղմ ժամկետում ավարտել ոլորտում ուսումնասիրությունները եւ ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ։
Այս քննարկումից գրեթե մեկ շաբաթ անց բենզինը ներքին շուկայում թանկացավ։ Որքանո՞վ էր դա կապված ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների եւ կառավարությունում տեղի ունեցած քննարկումների հետ, դժվար է ասել։ Ամեն դեպքում, փաստ է, որ այդ քննարկումներից հետո շուկայում կատարվեցին գնային փոփոխություններ։
Կարդացեք նաև
Այսօր արդեն «ռեգուլյար» բենզինը Երեւանի լիցքավորման կետերում վաճառվում է 380, «պրեմիումը»՝ 400 դրամով։
Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ գնային փոփոխություն կատարեցին շուկայի բոլոր հիմնական մասնակիցները։ Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդեն վաղուց ուշադրություն չի դարձնում այս երեւույթին, այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ կան հակամրցակցային համաձայնության տարրեր։ Մի բան, որ բնորոշ է մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող ոլորտներին։
Սահմանափակ թվով տնտեսավարողների գոյությունը հնարավորություն է տալիս շատ ավելի հեշտ պայմանավորվել գնային քաղաքականության վերաբերյալ։ Այնինչ մրցակցային պայմաններում չի կարող այնպես լինել, որ գնային ամեն մի փոփոխություն շուկայի բոլոր մասնակիցներն իրականացնեն միաժամանակ։ Իսկ Հայաստանում դա վաղուց սովորական է դարձել։
ենթադրվում էր, որ այն կհանգեցնի ներքին գների 10 դրամ ավելացման։
Արդյոք միայն այս գործոնո՞վ է պայմանավորված բենզինի թանկացումը, թե՞ կան նաեւ այլ պատճառներ, դժվար է ասել։ Ամեն դեպքում, վերջին ամիսներին համաշխարհային շուկայում նկատելի է վառելանյութի գների դանդաղ աճ։ Տարեսկզբի համեմատ նավթի մեկ բարելը թանկացել է գրեթե 10 դոլարով (ավելի քան 30 տոկոսով)։
Իհարկե, նավթի գների փոփոխությունը դեռեւս չի նշանակում, թե այն նույնպիսի ազդեցություն ունի նաեւ բենզինի վրա։ Առավել եւս, երբ խոսքը հայաստանյան շուկայի մասին է, որի միակ մատակարարը նախորդ տարվանից դարձել է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը։ Թերեւս նաեւ սրա գործողությունների հետ է կապվում հայաստանյան շուկայի թանկ լինելը։
Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուկայի մասնակիցների գործողություններում խախտումներ չի նկատում, այնուհանդերձ փաստ է, որ Հայաստանում բենզինն անհամեմատ թանկ է, քան հարեւան Վրաստանում։ Տարբերությունը լիտրի հաշվով գերազանցում է առնվազն 100 դրամը։ Միայն դա բավարար է ասելու, որ վառելանյութի հայաստանյան շուկայում ինչ-որ բան այնպես չէ։
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում