Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չունենանք ամուր թիկունք, Ղարաբաղի հարցում տանուլ կտանք

Մայիս 26,2016 15:30

Ըստ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանի` «միֆից «ռեալ պոլիտիկի» անցման գործընթացում ենք»:

– Պարոն Արշամյան, քառօրյա պատերազմից հետո մենք ականատես դարձանք հասարակական համախմբման, բայց մյուս կողմից՝ հասարակության մեջ արթնացավ առկա տարբեր խնդիրների լուծման, փոփոխությունների անհրաժեշտության պահանջ: Իշխանության մոտ կա՞ այդ գիտակցումը:

– Պատերազմը բացասական երեւույթ է, բայց շատ հետաքրքիր տրանսֆորմացիա տեղի ունեցավ: Վստահ եմ, որ հասարակության մեծ մասը, իշխանությունը չէին հավատում, որ հասարակության մեջ պատերազմի դեպքում նման մոբիլիզացիա տեղի կունենա: Այդ մոբիլիզացիան ընդգրկուն էր՝ թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների, թե՛ առաջին գծին օգնության կազմակերպման միջոցով, ինչպես նաեւ հասարակությունը մի շարք պահանջներ ձեւակերպեց եւ ուղղեց իշխանություններին: Մյուս կողմից՝ հասարակությունը հասկացավ, որ երկու զուգահեռ իրականություն կա, հանրությունն իր համար է ապրում, իշխանությունն` իր համար, եւ այդ խզումը պատերազմի օրերին շատ լավ երեւաց: Դա էլ հանրությանը մղեց արագ ինքնակազմակերպման:

Հիմա շատ հարմար պահ է, որպեսզի հասարակությունն իր պահանջները հստակ ձեւակերպի: Օրինակ` կոռուպցիոն մի քանի բացահայտումներ տեղի ունեցան՝ սկսած «օֆշորի գործից» մինչեւ բանակում առկա բացասական երեւույթները: Այդ մասին էին վկայում ՊՆ-ում երեք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները: Իշխանությունն էլ հասկացավ, որ լուրջ բացթողումներ է թույլ տվել:

Հաջորդը` կոռուպցիոն երեւույթների բացահայտմանը զուգընթաց կարեւոր է պատասխանատվության հարցը: Միայն կոռուպցիան բացահայտելով, մարդուն պաշտոնանկ անելով՝ հարց չի լուծվում: Փորձը ցույց է տալիս, որ երբ որեւէ պաշտոնյա իր թերացման համար հեռացվում է պաշտոնից, նա պատասխանատվության չի ենթարկվում: Ընդհակառակը` անցնում է մի որոշ ժամանակ, այդ մարդը կրկին հայտնվում է, նշանակվում է մեկ այլ պատասխանատու պաշտոնի: Այսինքն՝ գործ ունենք կոռուպցիայի դեմ իմիտացիոն պայքարի հետ, որի հաստատումն են կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում ներգրավված անձինք, ովքեր իրենք հենց խրված են կոռուպցիայի մեջ:
Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ հասարակությունը գիտակցեց, որ հայրենիքի անվտանգության պատասխանատվության կրողը հենց ինքն է: Տեսանք, թե ինչպես անմիջապես կամավորական խմբեր ձեւավորվեցին, իհարկե, դրանց շարքում կային մարդիկ, որոնց նպատակն էր առաջնագծում կամ Ստեփանակերտում սելֆի անելը, իրենց ցուցադրելը, բայց ընդհանուր առմամբ մարդիկ ինքնաբուխ ու նպատակամղված էին մեկնում առաջնագիծ:

Մյուս կարեւոր փոփոխությունը Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի միֆից աստիճանաբար ձերբազատումն էր։ Մարդիկ արդեն կասկածի տակ են դնում «դարավոր բարեկամի» հետ դաշինքը, ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայությունը։ Ըստ էության, միֆից «ռեալ պոլիտիկի» անցման գործընթացում ենք։

Պետք է կարեւորեմ նաեւ մեդիայի վճռորոշ դերը: Այսօր երկրում միակ հարթակը, որտեղ հնարավոր է լուրջ դիսկուրս ծավալել, զարգացնել ու հասցնել ինչ-որ արդյունքի, մեդիան է: Սեմինարներում, տարատեսակ ձեւաչափերով հանդիպումներում հարցը քննարկումից այն կողմ առաջ չի գնում: Մեդիան «քառօրյա պատերազմում» ցույց տվեց, որ լուրջ գործիք է՝ խնդիրների բացահայտման ու դրանց լուծման առումով: Այստեղ, իհարկե, որոշակի մտահոգություններ ունեմ: Սովորաբար օրենսդրական փոփոխություններ անելիս Հայաստանում պատճենում են ռուսական օրենսդրությունը, եւ մտավախություն կա, որ ինչպես ՌԴ-ում են սահմանափակում ԶԼՄ-ների գործունեությունը, հանկարծ նույնը տեղի չունենա նաեւ Հայաստանում:

– Իսկ ինչո՞ւ Հայաստանում առկա խնդիրները հասարակական գիտակցմանը զուգահեռ քաղաքական ձեւակերպում չեն ստանում: Ի՞նչն է խանգարում, որ քաղաքական դաշտում խնդիրներն ավելի հստակ ձեւակերպվեն եւ իշխանությունների առջեւ համակարգային փոփոխությունների պահանջներ դրվեն, եւ այս պոռթկումը ծառայի ի շահ մեր պետության ամրապնդման:

– Նման պայմաններ միշտ էլ ստեղծվել են Հայաստանում, բայց մեզանում չի ձեւավորվում կրիտիկական այն հատվածը, որը կստիպի իշխանություններին գնալ համակարգային փոփոխությունների: Սա բարդել միայն քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության վրա` սխալ է, որովհետեւ դա կապված է այն պարտությունների ու հիասթափությունների հետ, որը հասարակությունը պարբերաբար ապրել է ընտրությունից ընտրություն: Դրա մյուս պատճառը երկրում լուրջ ժողովրդագրական խնդիրն է. 1988-ին Հայաստանի բնակչությունը առնվազն երեքուկես միլիոն էր, այսօր այն երկու անգամ կրճատվել է: Բացի այդ, հասարակության մեջ որոշակի հատված են կազմում մարդիկ, որոնք սնվում են իշխանություններից: Իշխանությունն այս տարիների ընթացքում իրենից սնուցման մազանոթները տարածել ու ընդլայնել է: Օրինակ՝ որքան էլ ասենք, թե Հրազդանի ընտրություններում ընտրակաշառք բաժանվեց, բայց նույն Հրազդանում մարդկանց մի շերտ կա, որը չնայած դժգոհ է առկա իրավիճակից, բայց քանի որ սնվում են համակարգից, սկսած փոքր ու միջին բիզնեսից, չինովնիկներ, նույնիսկ սովորական քաղաքացիներ, ուստի գնացել, քվեարկել են գործող քաղաքապետի օգտին: Ըստ էության, իշխանությունը ձեւավորել է մի համակարգ, որը բավական բարդ է փոխել:
Չնայած նրան, որ «քառօրյա պատերազմից» հետո հանրության մի որոշ հատված մարգինալացումից դուրս եկավ` ավելի լուրջ դերակատարություն ստանձնելով, բայց իշխանությունները սկսում են ժամանակ ձգել ու սառեցնել գործընթացը: Այս առումով համաձայն եմ, որ հիմա շատ կարեւոր պահ է, որպեսզի հասարակությունը փորձի ինչ-որ ճեղքում իրականացնել:

Եվ հասարակությունը, եւ իշխանությունը հասկացան, որ մեր թիկունքը ամուր չի, իսկ երբ դու պատերազմում ես ու թիկունքդ ուժեղ չի, տանուլ ես տալու ավելի երկարաժամկետ հատվածում: Այնպես որ՝ սա լուրջ դաս եղավ բոլորի համար: Թիկունքի ամրապնդումը բոլոր հարթություններում այլընտրանք չունի, որովհետեւ եթե չունենանք ամուր թիկունք, մենք վստահաբար Ղարաբաղի հարցում տանուլ կտանք:

Հայաստանի բանակում ծառայում է երիտասարդ, կրթված, արտերկրում լուրջ բարձրագույն կրթություն ստացած սպայակազմ: ՊՆ-ում պաշտոնանկություններից հետո պաշտոնների չպետք է կրկին նշանակվեն նույն համակարգի հին կադրերը: Միջին եւ բարձր սպայակազմի ներկայացուցիչների եմ ճանաչում, որոնք լուրջ տեսլական ունեն ոչ միայն բանակի, այլեւ երկրի զարգացման առումով, նոր մտածողության կրողներ են: Շատ կարեւոր է, որ այդ երիտասարդները ներգրավվեն բանակաշինության գործում: Սերժ Սարգսյանը փորձում է սերնդափոխություն իրականացնել պետական համակարգում, բայց այդ երիտասարդները ոչ մի տեղից են, ճանապարհ չեն անցել, նշանակվում են մի կարեւոր պաշտոնի, եւ դրանով ամեն ինչ ավարտվում է, նրանց ձայնը այլեւս չես լսում, ոլորտում ոչինչ չի փոխվում: Եթե բանակում երիտասարդ կադրերն առաջ մղվեն` վստահ եմ, որ նրանք ավելի լուրջ կվերաբերվեն թե՛ թիկունքին, թե՛ առաջնագծին, թե՛ բանակում ոչ կանոնադրային հարաբերություններին, որոնց պետք է վերջ տրվի: Առաջնագծում ոչ կանոնադրական հարաբերություններ չկան, որովհետեւ շարքային զինվորը զենք է կրում, այսինքն` սպան չի կարող նրա հետ վարվել այնպես, ինչպես զորամասում: Իսկ այդ դեպքում խիստ ուղղահայաց հարաբերությունները դառնում են ընկերական, եւ նման դեպքում է առաջնագծում կանգնած զինվորը եւ սպան ընդունակ հերոսությունների, ինչի ականատեսը դարձանք:

– Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց, նրա մոտ կա՞ր այդ գիտակցումը, որ թիկունքն ամուր է: Օրինակ` ԼՂ միջազգային ճանաչման, ԼՂ-ն բանակցությունների սեղանին վերադարձնելու հարցերում հայկական դիվանագիտությունն ավելի կոնկրետ քայլեր չպե՞տք է ձեռնարկի:

– Ամենակարեւորը Արցախի իշխանություններին որպես բանակցությունների կողմ ներգրավելն է, առանց դրա մենք բանակցություններում թե՛ տակտիկապես, թե՛ ռազմավարական առումով տանուլ ենք տալու, որովհետեւ ստացվում է, որ այս հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, որի արդյունքում անտեսվում է Արցախի ժողովրդի թե՛ ինքնորոշման իրավունքը, թե՛ ազատ ապրելու իրավունքը: Մե՞նք ենք որոշում, թե այդ մարդիկ ինչպես են ուզում ապրել: Այդ որոշումն Արցախի ժողովուրդը կայացրել է վաղուց` 1991թ., եւ դա իրենց իրավունքն էր, ուստի ամեն անգամ երկկողմ ձեւաչափով բանակցությունների գնալը մեր դիրքերն ավելի է թուլացնում: Արցախի իշխանություններն էլ են սա գիտակցում, եւ «քառօրյա պատերազմի» օրերին Արցախի իշխանությունների կողմից նկատվում էր որոշ անվստահություն եւ հիասթափություն, թեեւ բաց տեքստով Ղարաբաղում չէին դժգոհում ՀՀ իշխանություններից, սակայն զգացվում էր, որ վերապահումներ կան ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ: Երբ հաջողվի Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց, մենք բավական շահեկան վիճակում կհայտնվենք:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ելույթներին ու հայտարարություններին, ապա փորձը, ցավոք, ցույց է տալիս, որ դրանք իրականության հետ առանձնապես կապ չունեն: Ասվում է մի բան, արվում է այլ բան, կամ` ընդհանրապես ոչինչ չի արվում: Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե մենք ունակ ենք հուժկու հարված հասցնել Ադրբեջանին, եթե այն համարձակվի ռազմական ճանապարհով լուծել խնդիրը… Բայց տեսանք, չէ՞, ինչ կատարվեց, Սերժ Սարգսյանի խոսքով՝ մենք 800 հեկտար տարածք ենք զիջել: Հիմա էլ իշխող կուսակցությունը փորձում է զավեշտալի արդարացումներ բերել, թե դրանք չմշակվող հողեր են… Արարատյան դաշտավայրում էլ չմշակված հողեր կան, դե, եկեք դրանք էլ զիջենք, Մեղրիում էլ կան, զիջե՞նք Իրանին:

– Իշխանությունը հիմնավորում է, որ Ալիեւի իրական նպատակը` մի քանի օրում մեկ-երկու շրջան գրավելը, հայկական կողմը կանխել է, հետեւաբար այս առումով մենք տանուլ չենք տվել:

– Նախ` չեմ կարծում, թե դա միայն Ալիեւի նպատակն էր: Առնվազն Ռուսաստանն այդ պատերազմում լուրջ մասնակցություն է ունեցել, միայն Ադրբեջանին զենքի վաճառքն էլ արդեն իսկ բավարար էր: Այդ աստիճան զինելը, Ադրբեջանին ագրեսիվ դարձնելը ռուսական քաղաքականության հետեւանքն է: Այսինքն՝ գոնե եւս մեկ խաղացող այդ գործընթացում եղել է, եթե հաշվի չառնենք նաեւ Թուրքիային: Նաեւ փաստ է, որ առաջնագծում կանգնած զինվորը, սպան տեղյակ ու պատրաստ չեն եղել, որ հակառակորդի կողմում լուրջ կուտակումներ կան, հնարավոր են լուրջ դիվերսիոն գործողություններ, հարձակումներ: Թող իշխանությունը հակառակն ապացուցի, կամ թող ընդունեն իրենց ապաշնորհ լինելը ու բաց խոսեն բոլոր թերացումների մասին:
Մեկ այլ ուշագրավ իրողություն էլ ի հայտ եկավ: Իշխանությունները հասկացան, որ որեւէ գաղտնիք երկար չի կարող փակ մնալ, տեղեկատվական հոսքերն այնքան բազմավեկտոր են, որ որեւէ երեւույթ թաքցնել այլեւս հնարավոր չէ: Այստեղ անհանգստացնող է նաեւ լուրջ տեղեկատվության տարածման ու միջազգային կառույցների հետ արդյունավետ հարաբերումը, որտեղ ՊՆ գործունեությունը գերակայում է ԱԳՆ-ի նկատմամբ: Ընդ որում, դա ոչ թե գալիս է նրանից, որ ՊՆ-ն իր ձեռքն է վերցրել եւ ճնշում է ԱԳՆ-ին, այլ փաստ է, որ մեր ԱԳՆ-ն անգործունակ է` այդ կառույցի ղեկավարության ապաշնորհության հետեւանքով: Անթույլատրելի է, երբ երկրի ՊՆ-ն ստիպված իր ձեռքն է վերցնում նաեւ արտաքին քաղաքականության գործառույթների մի մասը:

– Հայաստանը, փաստացի, դաշնակիցներ չունի: ՌԴ-ն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է ու զինում է Ադրբեջանին, Արեւմուտքը չի վստահում Հայաստանին` ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը լինելու պատճառով: Ստացվում է՝ մենք ամենախոցելի վիճակում ենք, այս դեպքում մենք ինչպե՞ս կարող ենք ցանկալի լուծում ակնկալել:

– Միջազգային աջակցությունը լինում է այն ժամանակ, երբ դու ուժեղ ես: Երբ թույլ ես` միջազգային աջակցություն չես կարող ակնկալել: Ռուանդայում ցեղասպանության ենթարկված թութսիներն ի՞նչ աջակցություն ստացան: Նույնիսկ խաղաղապահ այն ուժերը, որոնք գտնվում էին այդ երկրում, հետ քաշվեցին՝ թույլ տալով ցեղասպանություն: Այսինքն՝ եթե կազմակերպված պետություն չես, միջազգային գործոն չես կարող դառնալ: Մենք ոչ թե պետք է մեղադրենք Ռուսաստանին, Արեւմուտքին կամ Թուրքիային, այլ պետք է փորձենք կազմակերպված պետություն դառնալ, որից հետո միջազգային աջակցությունը չի ուշանա:

 
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031