Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը սահմանադրական մակարդակի է բարձրացրել փաստաբանության ինստիտուտի դերը

Մայիս 26,2016 15:00

«Առավոտի» մայիսի 19-ի «Դատական ներկայացուցչությունը չպետք է լինի փաստաբանների մենաշնորհը» հարցազրույցի ժամանակ ԲՀԿ-ական նախկին նախարար, ԵՊՀ դոցենտ Գեւորգ Պետրոսյանը, պատասխանելով լրատվամիջոցի հարցին, ասել էր, որ պաշտպանում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը, պնդելով, որ դատական ներկայացուցչությունը չպետք է փաստաբանի մենաշնորհը լինի, հիմնավորելով, որ անձը ինքն է ընտրում եւ որոշում դատական արդյունավետ պաշտպանության մեխանիզմները:

Հրապարակումը լայն քննարկման առիթ դարձավ ՖԲ սոցիալական ցանցում, փաստաբանների շրջանում:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը Գեւորգ Պետրոսյանի դիտարկման կապակցությամբ հայտնեց հետեւյալը.
-Ինձ համար զարմանալի չէ պարոն Պետրոսյանի նման դիրքորոշումը: Շատ իրավաբաններ կնախընտրեն դեմ արտահայտվել այդ «մենաշնորհին», քան փորձեն դիմել եւ ընդունվել, այնուհետեւ բարեհաջող ավարտել ՀՀ փաստաբանական դպրոցը: Այո, այսօր փաստաբան դառնալու գործընթացը շատ է բարդացվել, եւ դա ուղղված է միմիայն նրան, որպեսզի փաստաբանական գործունեությամբ զբաղվեն իրոք արհեստավարժ եւ բանիմաց մասնագետներ:

Բնավ, չեմ ուզում ասել, որ չկան իրավաբաններ, որոնք չեն կարող փաստաբանների նման կամ նույնիսկ ավելի լավ իրականացնել դատական ներկայացուցչությունը: Այն, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարեւոր եւ առաջնային խնդիր է դատական ներկայացուցչությունը որակյալ մասնագետի կողմից ապահովելը, չի հերքում նաեւ տվյալ դիրքորոշման հեղինակը: Սակայն, մի կողմից վերջինս նշում է, որ փաստաբանների շարքում կան ոչ որակյալ մասնագետներ, իսկ մյուս կողմից էլ՝ արդարացված է համարում քրեական գործերով պաշտպանության իրականացումը բացառապես փաստաբանին վերապահելը՝ որպես պետական հարկադրանքին՝ համապատասխան որակավորում ստացած անձի մասնագիտական պատրաստվածությամբ հակակշիռ: Այսինքն, հեղինակն ինքն է ընդունում, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից քրեական գործերով որպես պաշտպան լավագույնս հանդես կարող է գալ բացառապես փաստաբանը:

Բացի այդ, պարոն Պետրոսյանը, մի կողմից կարեւորելով դատական որակյալ պաշտպանության ապահովման հարցը, հավանաբար, ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ ԱԺ պատգամավոր պարոն Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծով անվճար հիմունքներով դատական ներկայացուցչության իրականացում առաջարկվում է թույլատրել նաեւ ոչ իրավաբաններին: Հետեւաբար, պարոն Պետրոսյանն առնվազն այս առումով պետք է հակադարձեր նախագծին՝ նշելով, որ արդյունավետ եւ որակյալ դատական ներկայացուցչություն հնարավոր է ապահովել գոնե պարտադիր պայման սահմանելով իրավաբանի մասնագիտության առկայությունը:

Պարոն Պետրոսյանը նաեւ մատնանշում է ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, որով վարչական դատավարությունում ներկայացուցչության առումով փաստաբանների «մենաշնորհ» սահմանված չէ: Պետք է հուշենք ընթերցողներին, որ վարչական դատավարությունում չի գործում մրցակցության սկզբունքի ավանդական դրսեւորումը, այլ դատարանը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդված) յուրաքանչյուր գործ քննում է ի պաշտոնե («ex officio»), այսինքն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով եւ առարկություններով եւ իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր եւ հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։ Հետեւաբար, եթե նույնիսկ կողմի ներկայացուցիչը, չունենալով համապատասխան որակավորում կամ մասնագիտական փորձ, ինչ-որ բանում զլանա կամ թերանա (չներկայացնի համապատասխան ապացույց, չվկայակոչի անհրաժեշտ փաստը), միեւնույն է, դա նրա փոխարեն պարտավոր է անել դատարանը:

Չենք կարող ընդունել հեղինակի այն դիրքորոշումը, որ քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչության «մենաշնորհը» փաստաբանների համար պետք է վերացնել, քանի որ վերջիններիս շարքում հնարավոր է կան նաեւ ոչ կոմպետենտ անձինք: Այդ մոտեցումը, կարծում ենք՝ չի կարող դիմանալ, թեկուզեւ թույլ քննադատության: Նույնն է, ինչ ասենք, որոշ դատավորներ ենթարկվել են քրեական կամ կարգապահական պատասխանատվության, ուստիեւ եկեք արդարադատության իրականացումը չվերապահենք բացառապես դատարաններին, այլ այդ լիազորությունը տանք, օրինակ, թաղային հեղինակություններին, կամ բուհերում դասախոսների կողմից եղել են առեւտրային կաշառքի դեպքեր, ուստի բարձրագույն կրթությամբ զբաղվելու իրավասությունը վերապահենք նաեւ ոչ կրթական հաստատություններին եւ այլն:

Այն, որ այսօր քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչությունը պարբերաբար կամ վճարովի հիմունքներով իրականացնելը վերապահված է բացառապես փաստաբանին, բխում է անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար անհրաժեշտ իրավական նախադրյալներ ստեղծելու, դատարան դիմելու իրավունքի երաշխավորման եւ պետության կողմից այդ իրավունքի իրացման համար արդյունավետ միջոցներ եւ պայմաններ ստեղծելու՝ պետության պոզիտիվ պարտականությունից:
ՀՀ սահմանադրական դատարանի 2016թ. ապրիլի 5-ի թիվ ՍԴՈ-1263 որոշմամբ դատարանը նշել է. «Ինքնանպատակ չէ այն հանգամանքը, որ ի տարբերություն 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի, որի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթով սահմանված էր իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը», 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը, որը վերաբերում է դիտարկվող իրավունքին, պարունակում է 2-րդ մաս, որի 1-ին նախադասությամբ ամրագրված է հետեւյալ դրույթը. «Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը»: Դրանով իսկ պետությունն ընդլայնել է որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իր պոզիտիվ պարտականության շրջանակները՝ սահմանադրական մակարդակի բարձրացնելով փաստաբանության՝ որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը:

Բացի այդ, դատական ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում միայն փաստաբանի «մենաշնորհային» գործունեություն նախատեսելը համապատասխանում է նաեւ զարգացած երկրներում ընդունված իրավակարգավորումներին եւ համընդհանուր ճանաչում ստացած միջազգային չափանիշներին ու սկզբունքներին:

Բազմաթիվ եվրոպական երկրներ գնացել են այդ ճանապարհով: Օրինակ՝ Ավստրիա, Չեխիա, Գերմանիա, Հունգարիա, Բելգիա, Լիտվա, Պորտուգալիա, Նորվեգիա: Նման կարգավորումը պայմանավորված է իրավաբանական օգնության որակի ապահովման անհրաժեշտությամբ:

Չպետք է մոռանալ, փաստաբանի կողմից դատական ներկայացուցչություն իրականացնելն ի համեմատ ոչ փաստաբանի, «ունի նաեւ այլ դրական կողմեր՝ վարքագծի կանոնագրքի պահանջների, փաստաբանական գաղտնիքի պահպանման, պարտականություն, փաստաբանի կողմից ծառայությունից միակողմանի հրաժարման դեպքերի սահմանափակում, փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության նախատեսում, փաստաբանի անձնական, ինչպես նաեւ փաստաբանական գրասենյակի խուզարկության արգելքի սահմանում եւ այլն»: Այսինքն, պետությունը սահմանելով դատական ներկայացուցչության նկատմամբ փաստաբանի «մենաշնորհ», վերջինիս կողմից իր գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար սահմանել է նաեւ որոշակի մեխանիզմներ:

Վերջապես, պարոն Պետրոսյանի կարծիքով, կա կորպորատիվ շահ, որ փաստաբանները չեն ցանկանում, որ իրենց փոխարեն մեկ ուրիշը կատարի այդ գործառույթը: Սակայն պարոն Պետրոսյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ Նախագծին, գրեթե նույն հիմնավորումներով, ինչ սույն նյութում է նշված, դեմ է արտահայտվել (բացասական եզրակացություն է տվել) նաեւ ՀՀ կառավարությունը: Ավելին, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գործող իրավակարգավորմանը նախագծի համեմատ առավելություն է տվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Բնական է, որ այս կառույցների համար ոչ մի կորպորատիվ շահ էլ առկա չէ: Իսկ վերջիններիս բացասական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ բացառապես պայմանավորված է նրանով, որ այն մի քայլ հետ է պետության կողմից մարդու՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման համար արդեն իսկ սահմանված արդյունավետ միջոցների եւ պայմանների համեմատ:

Ուստի, ավելի տրամաբանական է, որ մենք գործ ունենք ուրիշ կորպորատիվ շահի հետ, այն է՝ որոշ ոչ փաստաբան իրավաբաններ ցանկանում են անվճար հիմունքներով տրամադրվող իրավաբանական օգնության քողի տակ գումար աշխատել՝ առանց պատասխանատվության ենթարկվելու ոչ որակյալ ծառայություն իրականացնելու համար, առանց կրելու պարտականություն, պահպանելու փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, առանց պարտավորված լինելու շարունակաբար կատարելագործելու մասնագիտական գիտելիքները վերապատրաստման միջոցով, որը պարտադիր է փաստաբանների համար, առանց ջանք գործադրելու իրենց գիտելիքները չափելու փաստաբանական դպրոց ընդունվելիս: Այ, այսպիսի կորպորատիվ շահի հետ մենք իրականում գործ ունենք:

 

«Առավոտ» օրաթերթ
25.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031