Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա այն պարն է, որը կարող է մեծ մտերմություն հաստատել կնոջ և տղամարդու միջև». Կարլոս Բուոնո

Մայիս 25,2016 22:42

Տասնամյակներ առաջ օծանելիքի բուրմունքը պատճառ դարձավ, որ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն ընտրի հենց այս մասնագիտությունը. «Վեց տարեկան էի: Հայրիկիս հետ հաճախ էինք նստում մեր տան շեմին: Միշտ մի պարոն էր անցնում այդտեղով, բարևում հայրիկին ու շարունակում ճանապարհը: Առաջինը նրա օծանելիքի բուրմունքն էր հասնում քթիս: Այս պարոնը միշտ ինչ-որ տուփ ուներ ձեռքում: Ենթադրում էի, որ այդ օծանելիքն է մեջը: Մի օր էլ հայրիկիս հետ գնացինք համերգ: Երբ նվագախումբն արդեն տեղավորված էր, բեմ բարձրացավ նա՝ նույն տուփը ձեռքում, հետո բացեց այն ու միջից հանեց… բանդոնեոն»,- «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Կարլոս Բուոնոն, որն այս օրերին մեր երկրում է և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմի ու արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգիի հետ մայիսի 27-ին կլինի «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում՝ հանդիսատեսին պարգևելով արգենտինական տանգոյի երաժշտության ու պարերի սպասված մի երեկո:

«Սա այն պարն է, որը կարող է մեծ մտերմություն հաստատել կնոջ և տղամարդու միջև: Պարելիս նրանք շատ լավ հասկանում են՝ կլինի՞ այդ մտերմությունը, թե՞ ոչ»,- կարծում է Կարլոս Բուոնոն:

tango«Տանգոն տարբեր մշակույթների յուրահատուկ խառնուրդ է, որը բավականին հետաքրքիր պատմություն ունի,- շարունակեց բանդոնեոնահարը.- ժամանակին Արգենտինա են եկել միգրանտներ տարբեր երկրներից: Տանգոն շատ պարզ ակունքներ ունի, և գաղտնիք չէ, որ իր ճանապարհն սկսել է հասարակաց տներից: Այն հայտնի դարձավ Եվրոպա հասնելուց հետո, բայց ես կարծում եմ, որ այս երաժշտության աշխուժությունն ու կենսունակությունը գալիս է նրա ակունքներից: Ինձ երբեմն ասում են՝ նվագելիս շատ եք ժպտում, դա այնքան էլ բնորոշ չէ տանգոյին: Ես էլ հակադարձում եմ՝ թանկ գին եմ վճարել, զրկել եմ ինձ շատ բաներից, այնպես որ, տանգոն իմ կյանքն է, և ամեն անգամ նվագում եմ այնպես, ասես վերջին անգամն է»:

Հարցին՝ արդյո՞ք ինքը սիրում է տանգո պարել, կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Արգենտինացիներն ասում են՝ նա, ով նվագում է, չի պարում»:

Հետաքրքիր է, որ Կարլոս Բուոնոյի ընտանիքի անդամներն առանձնապես տանգոյի սիրահար չեն. «Տանը առավոտյան ես նվագում եմ տանգո, օրվա երկրորդ կեսին լսում եմ տանգո, իսկ երեկոյան սկսվում են տանգոյի պարապմունքները: Ճիշտ է՝ իմ ընտանիքն ինձ շատ է օգնում, բայց արդեն հոգնել է տանգոյից»,- նշեց արգենտինացի երաժիշտը:

Հավելենք, որ արգենտինական տանգոյի երեկոյի ընթացքում կհնչեն Աստոր Պիացոլլայի, Յակոբ Գադեի, Մարիանո Մորեսի, Անխել Վիյոլդոյի, Էդուարդո Արոլասի, Կարլոս Գարդելի, Ագուստին Բարդիի, Ժերարդո Մատոս Ռոդրիգեսի ստեղծագործություններից: Պարային համարներով հանդես կգան Արիաննա Կաոիլին, Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը, Դիաննա Հայրապետյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031