Լրահոս
Օրվա լրահոսը

«Գումի շուկան դարձել է մերօրյա լուրերի սերիալ, ամեն օր եթերում է վատ վիճակով». Բաբկեն Պիպոյանը մեջբերում է շուկայի աշխատակիցների կատակները

Մայիս 25,2016 22:28

«Ձիու մսի վաճառքը թույլատրելի է համապատասխան ընթացակարգերից հետո: Սպառողը պետք է առաջին հերթին իմանա, որ ձի է: Ձիու միսը նախքան մորթը համապատասխան ընթացակարգեր պետք է անցնի: Պետք է վազեցնեն ձիուն, հետո ստուգում անցնի… հետո մորթեն: Եթե ձիու միսը վաճառում են որպես տավարի միս, ու եթե նույնիսկ խնդիր չկա, եթե նույնիսկ ամենաառողջ ու ամենաանվտանգ միսն է, չնայած խիստ կասկածներ ունեմ, որ որեւէ մեկը առողջ ձին մորթի, սպառողների իրավունքն է խախտված»,- Aravot.am-ին ասաց պարոն Պիպոյանը:

Անդրադառնալով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության այսօրվանից նախաձեռնած մշտադիտարկումներին՝ Գումի շուկային հարակից մսի վաճառքի կետերում, պարոն Պիպոյանն ասաց, որ չի հավատում նման հայտարարություններին, իրեն արդյունքներն են հետաքրքրում. «Ես ասել եմ՝ 2011 թվականի հունիսին Գումի շուկայի վիճակը խայտառակ էր, մինչեւ տարեվեջ այնպես չէ, որ խնդիրը լուծվել էր ամբողջությամբ, բայց խնդիրը լուծվել էր 70% -ի չափով: Տեղադրվել էին սառնարաններ, իրականացվեց կոսմետիկ նորոգում, այդ ժամանակ պարբերաբար ամսվա մեջ մի քանի օր, ամեն առավոտ իրականացվում էր համապատասխան մոնիթորինգ պարզելու՝ արդյոք շուկա մտնող մսամթերքի համար ուղեկցվող փաստաթուղթ կա, թե չէ: Այս ամեն ինչը բերեց նրան, որ ոլորտը կարգավորվեց 70 %-ով, իսկ մնացած 30 % պետք է կարգավորվեր ժամանակի ընթացքում: Բայց առաջխաղացման փոխարեն, մենք ունեցանք հետաընթաց: Վերադարձանաք 2011 թվականի իրավիճակին, բնականաբար, այդ շուկայում անընդհատ կա անելիք:

Այսօր ինչի համար են այդ մշտադիտարկումները անում, ինձ հետաքրքիր չէ, որովհետեւ տարիներ շարունակ մշտադիտարկում եղել է, բայց ինստիտուցիոնալ փոփոխությունները մնացել են աննկատ: Քանի ստուգում, քանի մշտադիտարկում են արել, որեւէ բան հետաքրքիր չէ, ինձ հետաաքրքիր է արդյունքը, որը պետք է լինի տեսանելի ու չափելի: Աշխատանքները կավարտվեն, կգնանք շուկայի կողքով կքայլենք, կտեսնենք՝ չափելի է, թե չափելի չէ:

Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ 2011 թվականի հունիսին, այդ շուկայում էին բոլոր լրատվամիջոցները, ամեն առավոտ պետական տեսուչների հետ մեկնում էին շուկա: Շուկայի աշխատակիցներն արդեն կատակում էին, թե գումի շուկան դարձել է մերօրյա լուրերի սերիալ, ամեն օր եթերում է վատ վիճակով:

Այսօր ինչ է արվում ու ինչու: Արդյոք միայն հայտարարության համար չեն ասում մշտադիտարկումների, սկսած աշխատանքների մասին՝ ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, ձիու մսի վաճառքի մասին տեղեկացա լրատվամիջոցներից, ինձ ոչ մեկ չի ասել՝ եկեք գնանք, հասկանանք, սրան ոնց ենք լուծում տալիս: Այսօր հանդիպել եմ սպառողների իրավունքներով զբաղվող իմ գործընկերներին, նրանք եւս սրանից տեղյակ չէին, որեւէ մեկը չի հրավիրել իրենց հարցի լուծմանը նպաստել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031