ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Արմավիր գյուղական համայնքում այսօր ներկա գտնվեց Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը: «Վասն նահատակած հայոց» գրությամբ խաչքարի հեղինակն է քանդակագործ Հովսեփ Մելքոնյանը, իսկ նախաձեռնությունը` համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանինն է:
Համայնքի սրտում Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարեւանությամբ վեր հառնած Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակին նվիրված և նորօրյա հերոսամարտը փառաբանող խաչքարն իր մեջ է խտացնում հայ քաջերի հոգու ջերմությունը` դարձնելով նրանց հավերժի ճամփորդ և նրանց անմար փառքը ներկայացնելով եկող ու գնացող սերունդներին:
Ողջունելով խաչքարի բացման արարողությանը ներկա համայնքի բնակչությանը, հյուրերին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ պատվաբեր ձեռնարկը հավաստումն է այն փաստի, որ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում: Նա իր շնորհակալությունը հայտնեց ապրիլյան քառօրյա պատերազմին և հաջորդող օրերին համայնքից Արցախ մեկնած կամավորներին` նշելով, որ նրանք պատվով են կատարել իրենց պարտքը հայրենիքի առջև և փառքով իրենց թուրը դրել պատյան:
Մարզպետն իր խոնարհումը հայտնեց նաև Արցախյան պատերազմում զոհված արմավիրցի ազատամարտիկների ընտանիքներին. «Ձեր հերոս որդիներն իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենիքի և ազատության զոհասեղանին։ Ձեր զավակների սխրանքը երբեք չի մոռացվի: Հավերժ փառք իրենց պայծառ հիշատակին»:
Կարդացեք նաև
Օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության աջակիցներին` համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ խաչքարը խաղաղություն կբերի բոլորին և հանգստություն` նահատակների հոգիներին:
Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը բացեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարը: Նրանք և միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին խաչքարին և գլուխ խոնարհեցին հանուն մերօրյա խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի առաջ: Ներկաները ծաղիկներ դրեցին նաև Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Համայնքում տոնական բարձր տրամադրությունն ապահովեցին դպրոցի, նախակրթարանի, մշակույթի տան, ինչպես նաև բարեկամ Շենգավիթ համայնքի մշակույթի տան սաները և անհատ կատարողները` հանդես գալով ազգային ու հայրենասիրական երգերով, պարային կատարումներով, հայրենիքին ու հայ զինվորին ձոնված շնորհակալանքի ու նվիրումի խոսքերով։
Օրվա առթիվ համայնքում կատարվեց նաև մատաղի օրհնություն և հյուրասիրություն:
Արմավիրի մարզպետարան