Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահին

Մայիս 25,2016 22:11

Մայիսի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին:

Ողջունելով տիկին Բուլմանին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ դրանցում մեծ դեր են խաղում Հայաստանի և Գերմանիայի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունն ու շփումները։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագծին: Նախարար Նալբանդյանը նշեց, որ այս բանաձևի ընդունումը նշանակալի քայլ կլինի պատմական արդարության վերականգնման և նման հանցագործությունների կանխարգելման գործում: Այս առումով Բունդեսթագի փոխնագահն ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցմանը։ Նա հավելեց, որ կարևոր է, միշտ կենդանի պահելով անցյալի մասին հիշողությունը, ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Բունդեսթագի փոխնախագահի բնորոշմամբ Գերմանիայի օրենսդիր մարմինը պետք է գնահատական տա Գերմանական կայսրության դերին, քանի որ Գերմանիան այն ժամանակ եղել է Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը և չի կանխել կատարված ոճրագործությունները։

Հայաստանի արտգործնախարարն ու Բունդեսթագի փոխնախագահը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր։ Նախարար նալբանդյանն ընդգծեց, որ ս.թ. ապրիլին Հայաստանի Հանրապետեության Նախագահի՝ ԳԴՀ կատարած պաշտոնական այցելությունը, Գերմանիայի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներն ու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լուրջ խթան հաղորդեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը։

Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձան Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը՝ շեշտելով հանձնառությունների անվերապահ կատարման կարևորությունը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Բունդեսթագի փոխնախագահը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջնահերթությունների իրագործման, ԵԱՀԿ օրակարգային հարցերի շուրջ:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031