Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողի համբավ ունեցող Հադիջե Իսմայիլովայի հանդեպ կիրառված ազատազրկման վճիռը փոխվել է, որից հետո նա ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
Հայտնի լրագրողի ազատազրկման մասին որոշումը փոխելու վճիռը կայացրել է Ադրբեջանի Բարձրագույն դատարանը, որը վերանայել է Իսմայիլովայի ներկայացրած դիմումն ու որոշել է ձերբակալված լրագրողի հանդեպ սահմանել 3 տարի 6 ամիս պայմանական ազատազրկում։
Դատարանի վճռում նշվում է, որ Իսմայիլովան պետք է փորձաշրջան անցնի, որի ընթացքում պարտավոր է ամեն ամիս ներկայանալ ոստիկանություն։ Սրանից բացի, Իսմայիլովան իրավունք չունի մեկնել արտասահման և փոխել բնակության վայրը՝ առանց պետական համապատասխան մարմինների թույլտվության։
Հիշեցնենք, որ Իսմայիլովան ձերբակալվել էր 2014թ. դեկտեմբերի 5-ին և դատապարտվել 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ազատազրկման վայրում Իսմայիլովան անց է կացրել 1 տարի և 171 օր։ Նրան ազատ արձակելու որոշումը ողջունել են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բազմաթիվ իրավապաշտպաններ և լրագրողներ։
Կարդացեք նաև
՝