Այսօր ՀՀ–ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին չցանկացավ պատասխանել Aravot.am-ի այն հարցին, թե նրա հնչեցրած հայտարարությունից հետո, որով կոչ էր արել հայաստանյան իշխանություններին կոռուպցիայի դեմ տեսանելի պայքար մղել` հակառակ դեպքում Հայաստանի համար նախատեսված 15 միլիոն եվրոն չեն հատկացնի, երեք շաբաթ անց ինչպիսի՞ գործնական քայլեր է նկատել կառավարության կողմից:
Դեսպանը, որը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մասնակցելու էր եկել Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված ընդունելությանն, ասաց, որ հարցերն ուղղենք միայն ԵԺԿ-ի վերաբերյալ:
ԵՄ դեսպանն ասաց, որ Եվրոպական միությունում եվրոպական քաղաքական կուսակցությունները շատ կարեւոր մեխանիզմ են եվրոպական քաղաքականության համար. «Բոլոր եվրոպական կուսակցությունների գործունեությունները հիմնված են եվրոպական կուսակցության ընտանիքների հիմնարար գործունեության վրա: ԵԺԿ-ի պես քաղաքական ընտանիքները եվրոպական ինքնության գործակալներն են: Հայկական կուսակցության անդամակցությունը ԵԺԿ-ին շատ կարեւոր է, որովհետեւ այն հնարավորություն կտա ավելի մոտեցնել հայաստանյան քաղաքական դաշտը եվրոպականին»:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Պյոտր Սվիտալսկին մայիսի 23-ին Բրյուսելում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպմանն, ասաց, որ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները լավ են ընթանում եւ բանակցությունների 3-րդ փուլը տեղի ունեցավ Երեւանում:
«Կարող եմ վստահեցնել, որ բանակցությունների ոգին լի է կառուցողական մոտեցմամբ եւ կառուցողական օրակարգով: Կան, իհարկե, դժվարանցանելի հատվածներ, բայց ես կարող եմ վստահորեն ասել, որ եվրոպական կողմը եւ հայկական կողմը կգտնեն հաղթահարելի միջոցներ»:
Ըստ նրա, վերջին իրադարձությունների արդյունքում նախարար Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին համաձայնեցին որեւէ վերջնաժամկետ, սահմաններ չսահմանել. «Երկու կողմերն էլ հակված են հնարավորինս շուտ ավարտին հասցնել բանակցությունները, բայց երբ՝ դեռ պարզ չէ:
Երկխոսությունը շարունակվում է, կառուցողական եւ լավ մթնոլորտում, հենց նոր ես հնարավորություն ունեցա նախարար Նալբանդյանին հարցնելու ինչ վերաբերմունք ունի նախարարական համաժողովի վերաբերյալ, նա ասաց, որ շատ բարի եւ կառուցողական մթնոլորտ է, մնում է դժվարանցանելի հատվածները մշակել եւ հղկել: Եվ այս ազնիվ մոտեցմամբ ու թափանցիկությամբ, կարծում եմ 100 տոկոսանոց արդյունք կունենան ի վերջո»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հարցին, թե ՀՀԿ-ն համապասատխանո՞ւմ է ԵԺԿ-ի գաղափարախոսությանը, եվրոպական քաղաքական մշակույթին, ասաց` այո համապատասխանում է: Պարոն Աշոտյանի խոսքերով 4 տարի աշխատել են, մինչեւ որ դարձել են ԵԺԿ անդամ. «Իհարկե, մենք այս անդամակցությունն օգտագործում ենք հանուն Հայաստանի պետական շահերի, որովհետեւ ԵԺԿ-ն եվրոպական ամենախոշոր ընտանիքն է եւ Եվրամիության իշխող կառույցների հենասյունը»:
Արմեն Աշոտյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում:
Պարոն Աշոտյանը սակայն հրաժարվեց մեկնաբանել տրանսպորտի եւ կապի նախարար ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Բեգլարյանի թիկնապահների` երկու քաղաքացու ծեծի ենթարկելու լուրը: Այն հարցին, թե նրա կուսակից ընկերոջ անվան հետ է կապվում միջադեպը, Արմեն Աշոտյանն ասաց, որ ԵԺԿ-ից հարցեր տանք:
Ընդունելությանը նաեւ ներկա էր ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, որն իր ելույթում նշեց, թե Հայաստանն իրեն չի պատկերացնում առանց եվրոպական ընտանիքի: Արտգործնախարարը կարեւորեց, որ ԵԺԿ-ն դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը եւ այդ առիթով բանաձեւեր է ընդունել:
Միջոցառման առիթով տեսաուղերձ հղեց ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ