Մայիսի 25-ին Տավուշի մարզպետարանում կայացավ Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի Օ-դե–Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոն համագործակցության համաձայնագրի ստորագրության արարողություն: Այն ստորագրեցին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւ Օ-դե–Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, պատգամավոր Պատրիկ Դեվեջյանը: Նրանք բարձր գնահատեցին շարունակվող համագործակցությունը: Պայմանագրի ժամկետը 4 տարի է: Կայացավ մամուլի ասուլիս:
Այնուհետեւ Պատրիկ Դեվեջյանի գլխավորած պատվիրակությունը Տավուշի մարզպետի ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի տարածքում գտնվող անասնապահական ֆերմա: 7 հոգուց բաղկացած գյուղատնտեսական կոոպերատիվին Կողբի գյուղապետարանը նվիրաբերել է ավելի քան 2200 քառակուսի մետր տարածք, ուր «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը անասնապահական ֆերմա է կառուցել, տրամադրել սեմիտալ ցեղի կովեր: Առաջիկայում Լուսաձորի անասնապահական ֆերմայից այնտեղ կբերվեն հորթեր: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի կողմից Տավուշի մարզում ստեղծվել է այդպիսի 7 անասնաֆերմա: Պատրիկ Դեվեջյանը գոհունակություն հայտնեց անասնապահական ֆերմայում կատարված աշխատանքներից, այնտեղ առկա պայմաններից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ