ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 25-ին ընդունել է Արցախ ժամանած Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սիմեոնովին, տեղակալ Վալենտին Կասաբովին և նույն կուսակցության անդամներ Խրիստիան Միտևին ու Դիմիտր Բայրակտարովին:
Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և Արցախ կատարած այցի ընթացում պատվիրակությանն ուղեկցող ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բարձր է գնահատում եվրոպացի պատգամավորների ցանկությունը տեղեկանալու ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
«Մեզ համար շատ կարևոր է, որ եվրոպական կառույցներում ներկայացված պատգամավորները տիրապետեն ճշգրիտ ինֆորմացիայի, քանի որ ադրբեջանական կողմը հիմնականում ներկայացնում է իրականության հետ կապ չունեցող և աղավաղված տեղեկատվություն»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Խորհրդարանի նախագահը նաև գոհունակություն է հայտնել Բուլղարիայի իշխանությունների՝ հայկական սփյուռքի հետ ակտիվ համագործակցության առթիվ, ինչն արտահայտվում է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հստակ դիրքորոշմամբ:
Կարդացեք նաև
Բուլղարացի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահին ընդունելության համար և նշել, որ իրենք Արցախ են ժամանել ճանաչողական այցով և ցանկություն ունեն ծանոթանալ Ադրբեջանի նախաձեռնած ապրիլյան ագրեսիայի հետևանքներին և ԼՂՀ-ում առկա իրավիճակին: Նրանք նաև հույս են հայտնել, որ այս այցը սկիզբ կդառնա երկու երկրների խորհրդարանականների միջև հետագա սերտ համագործակցության:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ տնտեսական զարգացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգությանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ