Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Այդ 800 հա-ն ԼՂԻՄ տարածքն էր»

Մայիս 25,2016 18:57

Ատակարգ ու լիազոր դեսպան, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը վստահեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով հայկական կողմի կորցրած 800 հա տարածքը անվտանգության գոտի չէ, այլ նախկին ԼՂԻՄ տարածք:

«Մեդիա կենտրոն»-ում պարոն Մելիքյանը մտահոգություն հայտնեց, թե քառօրյա պատերազմից հետո մենք ունեցանք ցավալի մարդկային, անընդունելի տարածքային կորուստներ և տարածքների` հանձնման բացված հեռանկար ու դուռ. «Սա արդյունքն է ոչ միայն քառօրյա պատերազմական գործողությունների, այլ այն փաստի, որ տարիներ շարունակ հայկական կողմը զլացավ վարել իրապես արդյունավետ արտաքին քաղաքականություն: Այդ քնկոտ մոտեցումը մեր երկրի ճակատագրի հանդեպ հանգեցրեց նրան, որ մենք այսօր իրական տարածքային կորստի շեմին ենք կանգնած, կանգնած ենք հայկական շահերի համար բացարձակապես անընդունելի կոնկրետ տարածքների դիմաց անորոշ կարգավիճակ ստանալու հեռանկարի առաջ»:

Դիտարկմանը, թե տարիներ շարունակ մեր ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հայկական կողմի դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ, ու արդյոք վերջին իրադարձությունները հակառակը չապացուցեցի՞ն, Արման Մելիքյանը պատասխանեց. «Դա մեր դիվանագիտական, քաղաքական մոտեցումների հետևանքն է: Այն, որ ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը համընկնում էր միջազգային հանրություն անորոշ երևույթի մոտեցումներին, դա այդպես էր: Իսկ դա հենց հայկական կողմին տանում էր տարածքների հանձնման: Տարածքներ անորոշ կարգավիճակի դիմաց բանաձևի գործարկումը կհանգեցնի նոր տարածքների կորստի, կսպառի անվտանգության այն ռեսուրսն անգամ, որ ունենք, իսկ քաղաքական տեսանկյունից կզրոյացնի ՀՀ միջազգային վարկը»:

Հարցին` ինչո՞ւ Վիեննայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց տարածքների կորստի մասին, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Հավանաբար Վիեննայում մեկ անգամ ևս ստիպված եղավ հայտնել իր պատրաստակամությունը նշված բանաձևի շրջանակում տարածքներ հանձնելու վերաբերյալ: 2005-ից նա ասում է, որն է մեր հայրենիքը, որը` ոչ: 800 հա տարածքն իր հայրենիքը չի համարում, թեև հյուսիսում անվտանգության գոտու մասին խոսել չի կարելի, դա ԼՂԻՄ բուն տարածքներն են, անգամ ԼՂՀ-ինը չեն»:

Արման Մելիքյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը համեմատեց ռազմական գործչի հայտարարության հետ, որն անընդունելի է երկրի ղեկավարի պարագայում. «Այս ամենը իր քաղաքական գնահատականը պիտի ունենա: Սերժ Սարգսյանն իրենով դաշտային գեներալի չպետք է փոխարինի: Նա մեզ քաղաքական տեսլական պիտի տա»:

Ո՞րն էր պատճառը, որ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերն այս օրերին
չեն քննադատում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, մասնավորապես ՀԱԿ-ը հայտարարեց, որ պետք է բանակցային սեղանի մոտ համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջ, այս հարցին ի պատասխան պարոն Մելիքյանը նշեց. «Ոչ մեկ իր սեփական ծրագիրը չունի հարցը լուծելու առումով: Կա երկու մոտեցում` Մադրիդյան սկզբունքների շուրջ համախմբում, ԼՂՀ ճանաչում: Այս երկուսն էլ մեզ համար ձեռնտու չեն: Կա երրորդ ուղին, կան հնարավորություններ, որոնք գործի դնելու միջոցով կարող են Արցախի սուբյեկտությունը մինչև ճանաչում բարձրացնել, տարածքների հարց լուծել, այլընտրանքային տարբերակ առաջարկել, որը մեր շահերին չի խոչընդոտի»:

Վիեննայի հանդիպման հիմնական հետևանքի մասին խոսելով` պարոն Մելիքյանը եզրափակեց. «Այդ հանդիպումը ֆիքսեց, որ հայկական կողմը պատրաստ է տարածք զիջել ու չպահանջել հանձնվածը ետ վերադարձնել: Մնացածը մարդկանց աչքերին փչվող թոզ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկերը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031