Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մոնիթորինգ. Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծը Ազգային ժողովը մերժեց արդեն 4-րդ անգամ

Մայիս 25,2016 17:38

Ազգային ժողովում մայիսի 16-19-ը հերթական քառօրյան էր: «Մանդատ» հասարակական կազմակերպությունը հրապարակել է քառօրյայի մոնիթորինգը: Ըստ որի, օրակարգում ընդգրկված էր 144 հարց, 32 միջազգային պայմանագիր: Քննարկվել է դրանցից 15-ը: 1 հարցի ընդգրկումը 9-րդ նստաշրջանի օրակարգ քվեարկությամբ մերժվել է, 1 օրինագիծ մերժվել է քննարկումից հետո, 3 օրենսդրական ծավալուն փաթեթ ընդունվել են ամբողջությամբ:

Քառօրյայի ընթացքում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մերժվել է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» որոշման նախագիծը : Նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ է քվեարկել ընդամենը 12 պատգամավոր. «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծը Ազգային ժողովը մերժեց արդեն 4-րդ անգամ»:

Քառօրյայի ընթացքում մերժվել է նաև ՕԵԿ պատգամավորների` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Հեղինակներն առաջարկում էին կանոնակարգով սահմանել, որ ԱԺ խմբակցությունները կարող են կատարել ոչ միայն կազմի, այլ նաեւ անվանման փոփոխություն. «Առաջարկը ՕԵԿ-ը ներկայացրել է` սեփական փորձից ելնելով. կուսակցությունը վերանվանվել է` ստանալով «Հայկական վերածնունդ» անվանումը, մինչդեռ խորհրդարանում վերանվանված կուսակցությունը ներկայացնող խմբակցությունը շարունակում է կրել «Օրինաց երկիր» անվանումը»:

Մոնիթորինգում նշված է նաեւ, որ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը. ապրիլի վերջին քառօրյայում նախագծի երրորդ ընթերցմամբ քվեարկությունը տապալվել էր՝ քվորում չլինելու պատճառով:

Ազգային ժողովում քննարկվել է 2015 թվականն ամփոփող 5 հաշվետվություն-հաղորդում` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ՀՀ դատախազության, Վերահսկիչ պալատի: Մոնիթորինգում ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն վերջին տարիների, ՎՊ-ի հաշվետվությունը ներկայացրել է անձամբ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նշված է նաեւ, որ վերջինս Ազգային ժողովում նախընտրել է շփվել միայն պատգամավորների հետ. «Հեռացավ շենքից՝ ճարպկորեն խուսանավելով լրագրողների հետ հանդիպումից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031