Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի դատախազի տեղակալը եւ Իջեւանի անտառտնտեսության տնօրենը հերքում են

Մայիս 25,2016 17:40

Մեր կայքը էլեկտրոնային փոստով նամակ էր ստացել, ուր նշված էր. «Հայաստանում պետական ապարատի հերթական պաշտոնյայի ոչ վայել արարքը մեր հասարակության ուշադրությանն արժանացնելու եւ ի վերջո պետական կառավարման ոլորտում պաշտոնատար անձի վարքագծի կարգավորման ուղղությամբ մեր պատասխանատու պաշտոնյաների ամպագոռգոռ հայտարարություններին հակադարձելու համար, որպես օբյեկտիվ լրատվական միջոցի, Ձեզ հայտնում եմ հետևյալ տեղեկատվությունը՝ հույս ունենալով, որ այն կարժանանա Ձեր լրատվական կայքի և պատասխանատու պաշտոնյաների ուշադրությանը: Տավուշի մարզի դատախազության աշխատակիցներից մարզի դատախազի տեղակալ Հ.Բաղդասարյանը այնքան է զվարճացել ու ոգելից խմիչք օգտագործել, որ 21.05.2016թ. Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող ռեստորաններից մեկում, որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ, հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում:

Ամոթալին ոչ միայն այն է, որ որպես պաշտոնյա նա հարբած վարում է ավտոմեքենան, այլ այն է, որ դատախազը, լինելով իգական սեռի ներկայացուցիչ, չարաշահում է ալկոհոլ, հրաժարվում օրը ցերեկով դեպի վայր ժամանակ շտապ օգնությունից, եւ ի վերջո սահմանին տիրող լարված իրավիճակում զվարճանում սրա-նրա հետ, իսկ ճանապարհով անցնող բազմաթիվ պատահական անցորդները ծիծաղում էին և միմյանց ասում «Էս էլ մեր ալկագոլիկ դատախազը, էլ ինչ ասես ես երկրի մասին»: Սա է մեր դառը իրականությունը … հետևությունները թողնում եմ Ձեզ: Հայտնի են դարձել նաև ուշագրավ այլ մանրամասներ առ այն, որ 21.05.2016 թ. խնջույքը տեղի է ունեցել «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանում: Տավուշի մարզի դատախազ Ա.Մարուխյանի հրավերով, այսպես ասած՝ «պատիվ տալու համար», Տավուշի մարզ են եկել ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները, այդ թվում դատախազ Մամիկոն Մարտիրոսյանը, ով պատկերված է լճում գտնվող ավտոմեքենայի առջևի մասում և փորձում է դուրս բերել ավտոմեքենան լճից: Խնջույքին ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և ապօրինի անտառհատումների դեմ պայքարի վարչության դատախազները, Տավուշի մարզի դատախազը և նրա տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը: Զավեշտալին այն է, որ հյուրասիրությունը կազմակերպել է Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը, ով նաև իր ուժերով ու միջոցներով «Գազ 66» մակնիշի ավտոմեքենա է կանչել դեպքի վայր, որ մեքենան դուրս հանվի լճից, այնուհետև տնօրենն իր իսկ միջոցներով ներկայումս Իջեւանի արհեստավորների մոտ վերանորոգում է լճում հայտնված դատախազի «Նիսսան Տեանա » ավտոմեքենան:

Այս ամենի արատավոր և կեղտոտ երևույթն այն է, որ ապօրինի անտառհատումների եւ կոռուպցիայի դեմ պայքարող դատախազները անտառտնտեսության տնօրենի հետ միասին զվարճանում են, որից հետո մեր պաշտոնյաները, այդ թվում՝ գլխավոր դատախազությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարելու, անտառհատումները բացահայտելու մասին, նամանավանդ, որ սահմանին տիրում է լարված իրավիճակ, պետության ֆինանսական միջոցները սուղ են, իսկ պետական չինովնիկները քեֆ են անում, զվարճանում և միմյանց հետ և նման կերպ «պայքարում» անտառհատումների եւ կոռուպցիայի դեմ: Եվ սա դեռ ամենը չէ, պարզվում է նաև, որ նշված դեպքով որևէ պատկան կառույց չի զբաղվել: Լինելով իգական սեռի ներկայացուցիչ՝ բարձրաստիճան պաշտոնյա, Հայկուշ Բաղդասարյանը մեքենան վարել է հարբած վիճակում, իսկ լուսանկարում կարմիր մայկայով պատկերված ռեստորանի տնօրեն Վահե Ղալումյանը, նրա կողքին գտնվող և լուսանկարում պատկերված Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը ձեռքները գրպանում դրած հետևում էին, թե ինչպես է մեքենան դուրս բերվում լճից: Հարց է առաջանում, թե ու՞ր են նայում մեր պատկան մարմինները, նույն մարզի դատախազը ինչու՞ է թույլ տալիս, որ իր տեղակալը ոչ սթափ վիճակում վարի մեքենան, եւ ինչու՞ է բարձրաստիճան պաշտոնյան ոչ սթափ վիճակում վարում մեքենան, և այսպե՞ս են դատախազները պայքարում ապօրինի անտառհատումների դեմ՝ անտառտնտեսության տնօրենի կողմից քեֆ կազմակերպելու եղանակով: Առ այսօր որևէ իրավասու մարմին նշված խնդրին չի անդրադառնում, կարծես բոլորը քնած են, սա է մեր դառը իրականությունը, ինչպես ասում են՝ նման անօրեն դատախազներով պայքարում ենք ապօրինությունների դեմ, էլ ի՞նչ պետք է հասարակ քաղաքացին ակնկալի նման պաշտոնյաներից, էլ ինչպե՞ս պետք է հասարակ քաղաքացին հավատա արդարությանը …»:

Նամակին կցված էին դեպքի վերաբերյալ լուսանկարներ: Կապվեցինք Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանի հետ:Նա ասաց, որ այդ օրը իր ընկերների հետ եղել է նշված ռեստորանում: Մանուկյանն  ասաց,որ ինքը չի վճարել դատախազների հյուրասիրության համար, Հայկուշ Բաղդասարյանին չի ճանաչում, իսկ Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանին միայն դեմքով է ճանաչում: Նրա խոսքերով՝ ինքը ռեստորանից դուրս գալուց հետո տեսել է , որ ավտոմեքենան կամաց-կամաց սուզվում է ջրի մեջ, նրա մեջ այդ ժամանակ մարդ չի եղել: Որպես տեղացի, Իջեւանի բնակիչ, իր ընկերոջ հետ միասին մեքենան ջրից հանելու համար օգնության է կանչել ճանապարհով անցնող  մի մեքենայի: Ս.Մանուկյանը ժխտեց, որ ինքն է հոգացել Հայկուշ Բաղդասարյանի ավտոմեքենայի վերանորոգումը:

Մի քանի անգամ զանգահարեցինք Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանին: Նա աշխատավայրում չէր, նրա բջջային հեռախոսին կատարված մեր զանգերն անպատասխան մնացին: Զանգահարեցինք մարզի դատախազի տեղակալ Հ. Բաղդասարյանին: Նա ռեստորանի մոտ կատարվածը որակեց «դժբախտ դեպք» ասելով, որ ինքը մեկ տարի առաջ է ձեռք բերել իր ավտոմեքենան, 6 ամիս է , որն այն վարում է: Հ. Բաղդասարյանի խոսքերով՝ իր անփորձության հետեւանքով շրջադարձի ժամանակ մեքենան հայտնվել է ջրում: Նա հերքեց իրեն վերաբերող մնացած տեղեկությունները, այդ թվում նաեւ այն, որ ինքը խմած է եղել: Նրան հարցնելով իմացանք, որ 1982թ. ծնված Հ. Բաղդասարյանը դատախազության համակարգում երկար ժամանակ է աշխատում, սակայն Տավուշի մարզում պաշտոնավարում է ոչ վաղուց: Նա փոխգնդապետի կոչում ունի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Հստակ երևում է, որ պատվիրված է եղել, իսկ թե ով է պատվիրել թող դա էլ մարզի դատախազն ու անտառտնտեսության տնօրենը պարզեն իրենց թշնամիններին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031