Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովի համոզմամբ` ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում Արցախի եւ Հայաստանի բնակչությունը պետք է նախնական մարտական պատրաստվածություն անցնի, եւ դա բոլորին է վերաբերում: «Անգամ շատ չաղլիկ կինը պետք է իմանա կրակել, որովհետեւ երբ թուրքը գա-հասնի այստեղ, չի ասելու` վա՜յ, խանում, դու ձեռքդ զենք չես վերցրել, արի քեզ չբռնաբարեմ ու չսպանեմ»: Չկա այդպիսի բան: Մենք պետք է այնքան մարտունակ լինենք, որ սարսափ ներշնչենք բոլոր հարեւաններին»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր ասաց Վարդանովը:
Նրա դիտարկմամբ` կամավորների մեծ հոսքը դեպի Արցախ աշխարհին ցույց տվեց, որ հայն իր հողը չի հանձնի, բայց կամավորներն անպատրաստ էին գնում. «Ի՞նչն է խանգարում, որ երկիրը սիրենք ոչ թե բաժակաճառերով, այլ պատրաստված զինվոր լինելով: Երբեմն պետական չինովնիկներին են մեղադրում, իսկ մեր ժողովուրդն ի՞նչ է անում, որ մարտունակ լինի… ոչ մի բան: Կամավորական շարժումը պետք է դնել գրագետ ռազմական ուղու վրա»:
Վովա Վարդանովը եւ ազատամարտիկ Շահե Աճեմյանն օրինակներով խոսեցին նաեւ զինվորների անփութության մասին: Մասնավորապես նշեցին, որ զինծառայողները ծակել են փամփուշտները, ինչի հետեւանքով դրանք ժանգոտվել են, սնունդն օգտագործել են անփութորեն` թողնելով, որ այն փչանա, իսկ գիշերային տեսանելիության սարքի ոսպնյակը հանել են եւ օգտագործել կրակ վառելու համար:
Խնդիրներ կան նաեւ կամավորների հավաքագրման գործընթացում, մասնավորապես` ապրիլյան պատերազմի ընթացքում ազատամարտիկները մեկ օր հերթ են կանգնել` զենք եւ համազգեստ ստանալու համար:
Կարդացեք նաև
Վովա Վարդանովը կամավորների համար կազմակերպում է մարտական պատրաստվածության արագացված դասընթացներ, որոնք անցել են մոտ 650 մարդ: Ի դեպ, Վարդանովին դիմել են գորիսեցի երիտասարդներ, սակայն տարածության պատճառով հնարավոր չէ նրանց էլ ընդգրկել դասընթացներում: Վարդանովի խոսքով` մարտական պատրաստվածության գործընթացը պետք է կազմակերպվի պետական մակարդակով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ