Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները, եզդի երկրապահներն այսօր վստահեցրին, որ եզդիական համայնքը կանգնած է հայ ազգի կողքին և պատրաստ է մինչև վերջ կռվելու թշնամու դեմ:
«Հայաստանի իշխանությունները, հայ ժողովուրդը միշտ լավ են վերաբերվել եզդիներին: Հայաստանն այն երկրներից է, որ եզդիներին օրինական կարգով համարում է ազգային փոքրամասնություն, ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները սեփական մշակույթը, ավանդույթները պահպանելու, զարգացնելու համար: Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են, ինչպե՞ս կարող ենք մենք դա մոռանալ: Մենք պատրաստ ենք լինել եղբայր հայերի կողքին, պայքարել թշնամու դեմ»,- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Արցախյան քառօրյա պատերազմին Հայաստանի եզդի համայնքը կորցրեց 5 զինվոր, բայց Հայաստանի եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ, երկրապահ Բրո Հասանյանի համար հայրենիքի համար տված կյանքն անմահություն է. «Մեր ամեն մի զինվորի կյանքի դիմաց մենք պարտավոր ենք թշնամուց վերցնել 100-ից 1000 կյանք: Եվ այդպես էլ կա: Մեր սահմանին կանգնած զինվորները ճիշտ կողմնորոշվեցին և արժանի հակահարված տվեցին թշնամուն, նրանց մեջ խոսեց պապերի արյունը: Այսօր մենք հաղթանակած զինվորներ ունենք, հաղթանակած բանակ»:
Երկրապահներ Համլետ Թամոյանն ու Մրազ Կալոյանն էլ նոր են վերադարձել Արցախից, պատմեցին սահմանին կանգնած զինվորների հերոսությունները. «Եթե թշնամին գաղտնի հարձակվեց մեզ վրա, ապա մենք օրը ցերեկով նրանց ետ վռնդեցինք: Ես շատ ուրախ եմ, որ ունենք բանակ, որը կարողանում է պաշտպանել իր հայրենի հողը: Այս օրերին բարեբախտաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»:
Կարդացեք նաև
Երկրապահ Մրազ Կալոյանը քառօրյա պատերազմում, ինչպես 90-ականներին, կռվել է Հադրութում. «Ես ձեզ վստահեցնում եմ, մեր զինվորները շատ հզոր են, աշխարհում այդպիսի զինվորներ չկան: 25 տարի խրամատում պայքարում են իրենց ազատության, անկախության համար` պաշտպանելով հայրենի հողը: Ես կցանկանայի անդրադառնալ նաև սնունդի հետ կապված խոսակցություններին: Վստահաբար կարող եմ ասել, որ սնունդը ծով է եղել, նույնիսկ եղածը չենք հասցրել ուտել: Հագուստի մասին էլ չեմ խոսում: Ամեն ինչ կարգին է եղել, հայ ժողովուրդը թող հանգիստ լինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ