«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը պետք է ունենա բարձրագույն կրթություն եւ առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ, որից 10 տարին՝ ղեկավար պաշտոններում: Այսօր այսպիսի որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Փոփոխությունը կատարվել է ընկերության աշխատողներին եւ տնօրինությանը ներկայացվող չափորոշիչներում` բնական մենաշնորհով աշխատող ՀԷՑ-ի աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հանձնաժողովի Իրավաբանական եւ լիցենզավորման վարչության պետ Սեդա Շահինյանի ներկայացմամբ, ֆինանսական եւ տնտեսագիտական գծով աշխատանքները համակարգող բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պետք է ունենա ֆինանսական եւ տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն եւ առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ ղեկավար պաշտոններում:
Aravot.am-ի հարցին, թե չափորոշիչների փոփոխություններով ավելի խստացվեցի՞ն ՀԷՑ-ում աշխատելու կանոնները եւ ղեկավարության կամայական գործողությունները սահմանափակվեցի՞ն, ինչպես որ նախկին տնօրինության օրոք էինք ականատես լինում, հանձնաժողովի նիստին ներկա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսական գծով տնօրեն Արմեն Արշակյանն ասաց. «Միանշանակ ասել, թե խստացրեցին, թե թեթեւացրին, չի կարելի, դրանք ավելի հստակեցվեցին եւ ավելի մոտեցվեցին այն չափորոշիչներին, որ նոր սեփականատերն իր առջեւ դրել է եւ պատրաստվում է կիրառել: Ավելի հստակեցում է եղել աշխատանքային գիտելիքների եւ մասնագիտական ունակությունների մասով»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, թե այս փոփոխությունն ինչ կտա ՀԷՑ-ին, իսկ ավելի ճիշտ սպառողին, պարոն Արշակյանն ասաց, որ ընկերությանը հնարավորություն կտա ավելի որակյալ մասնագետներ վարձել, իսկ սպառողին կտա, այն, որ «ավելի որակյալ մասնագետներ կաշխատեն ի փառս սպառողների»:
Մեր այն դիտարկմանը, թե Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ նոր սեփականատիրոջ օրոք կորուստները զգալի նվազել են, հնարավոր է ՀԷՑ-ը դիմի հանձնաժողով էլեկտրաէներգիայի գինը նվազեցնելու հայտով, պարոն Արշակյանն ասաց, որ առաջիկայում նման բան չեն նախատեսում:
Հանձնաժողովի օրակարգում էր նաեւ փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հարցը, որին մասնակցելու էին եկել փոքր ՀԷԿ-երի սեփականատերեր:
Ի դեպ ներկաների թվում էր նաեւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որը ներկայումս զբաղվում է հողմաէլեկտրակայանի բիզնեսով: Նախկին մարզպետի փոքր ՀԷԿ-ը գործում է Լոռու մարզում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ