Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է օգտվել Սահմանադրությամբ իրեն ընձեռված բոլոր հնարավորություններից, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոն ազատ արձակվի և վերադառնա հայրենիք։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Պորոշենկոն հայտարարել է նաև, որ այդ գործի համար նույնիսկ պատրաստ է ազատ արձակել Ուկրաինայում ձերբակալված ռուսաստանցիներ Եվգենիյ Երոֆեևին և Ալեքսանդր Ալեքսանդրովին։ Պորոշենկոն հայտարարել էր, որ եթե ռուսաստանցիների ազատ արձակման խնդրանք պարունակող դիմում ստանա, ինքն անմիջապես կբավարարի այն։
Սրանից բացի, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտարարել է, որ Նադեժդա Սավչենկոն կարող է ազատ արձակվել մինչև ընթացիկ ամսվա ավարտը։
Տեղեկացնենք, որ ռուսաստանցիներին ազատ արձակելու դիմումը արդեն ներկայացվել է նախագահ Պորոշենկոյին։ Այդ մասին հայտնել է Ալեքսանդրովի փաստաբան Վալենտին Ռիբինը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ալեքսանդրովն ու Երոֆեևը ձերբակալվել են 2015թ. մայիսի 16-ին՝ Լուգանսկի շրջանի քաղաքներից մեկում։ Պաշտոնական Կիևը հայտարարել էր, որ ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության զինծառայողներ են։ Սրան ի պատասխան, 2016թ. մայիսի 18-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ ձերբակալման պահին Երոֆեևն ու Ալեքսանդրովը չէին հանդիսանում ՌԴ ԶՈւ զինծառայողներ։ Ուկրաինայի դատարանը ռուսաստանցիներին դատապարտել է 14 տարվա ազատազրկման։