Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրազդանի կիրճում գտնվող օբյեկտներից բացի՝ գետը աղտոտում են նաեւ կիրճի շրջակայքում կառուցված արտադրամասերը. «Հայոց աշխարհ»

Մայիս 25,2016 11:52

Անդրադառնալով կիրճում տեղակայված տարբեր օբյեկտների հասցրած վնասին` Կարինե Դանիելյանը նշում է, որ դրանց զգալի մասը կառուցվել է առանց բնապահպանական փորձաքննություն անցնելու: Այսինքն` չի ստուգվել շահագործվելու դեպքում դրանց հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Նա պատահական չի համարում այդ օբյեկտների սեփականատերերի կողմից օրենքը շրջանցելու հանգամանքը, քանի որ փորձաքննություն անցնելու դեպքում պարզվելու էր դրանց բացասական ազդեցությունը գետի ջրերի վրա, հետեւաբար այդ շինությունների կառուցումն արգելվելու էր. «Այսօր Հրազդանի կիրճում գրեթե 60 տարբեր օբյեկտ է տեղակայված: Դրանց մի մասը՝ մոտ 15-ը, հասարակական սննդի օբյեկտներ են` ռեստորաններ, ճաշարաններ, միջոցառումների իրականացման սրահներ, մի մասը հյուրանոցներ են, շոգեբաղնիքներ, հանգստի համալիրներ, բենզալցակայաններ, արտադրական ձեռնարկություններ, ավտոլվացման կետեր: Այդ շինությունների մի մասը կառուցվել է առանց համապատասխան փորձաքննության ու թույլտվության, եւ հիմա դրանք աղտոտում են շրջակա միջավայրը։

Մասնավորապես ավտոլվացման կետերը մեքենաները լվանալուց հետո ամբողջ կեղտոտ ջուրը լցնում են գետի` կիրճով անցնող հատվածը: Այդ կետերը չունեն մաքրման կայաններ։ Փաստորեն ջուրն է լցվում ոչ միայն մեքենաների կեղտը, այլեւ լվացման համար նախատեսված քիմիական նյութերի մեջ եղած վտանգավոր միացությունները:

Չեմ խոսում բոլոր այն օբյեկտների մասին, որոնք իրենց կոյուղաջրերն անմիջապես գետի մեջ են թափում` չունենալով կոյուղաջրերի կուտակման հատուկ հորեր: Մինչդեռ օրենքը պահանջում է բոլոր այդ օբյեկտներից կոյուղաջրերի կուտակման հորեր ունենալուց բացի նաեւ համապատասխան մաքրող փոքր կայաններ ունենալ եւ գետի մեջ լցնել արդեն մաքրված ջուրը:

Բայց տարբեր տարիներին բնապահպանների իրականացրած ուսումնասիրությունները փաստում են, որ նման կայաններ միայն հատուկենտ օբյեկտներ են տեղադրել: Իսկ մյուսները նախընտրում են խնդրի լուծման պարզագույն տարբերակը, որը, սակայն, ոչ միայն բնությունն է վնասում, այլեւ իրենց, քանի որ նրանք աշխատում են սեփական գարշահոտության մեջ: Գոնե թե սեփական բիզնեսի եւ անձի մասին մտահոգվելով` տնտեսավարող սուբյեկտները պետք է հեռատես լինեին եւ հոգային այդ պարզագույն պահանջը»:

Կիրճում գտնվող օբյեկտներից բացի գետը կոյուղաջրերով եւ արտադրական թափոններով են աղտոտում նաեւ կիրճի շրջակայքում կառուցված արտադրամասերը` «Կոկա-կոլա բոթլերս Արմենիա» ձեռնարկությունը, Լուսատեխնիկական իրերի գործարանը, «ԵրԱԶ» ավտոգործարանը, «ԱրմենԱլ» ալյումինի գործարանը), «Հայէլեկտրո» գործարանը:

Այս գործարանների զգալի մասում արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններ տեղադրված չեն, ուստի արտադրական թափոնները խողովակներով ուղղակիորեն լցվում են մայրաքաղաքի միջով անցնող գետի մեջ` թունավորելով այն տարատեսակ քիմիական միացություններով, ծանր մետաղներով:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031