2016թ. մայիսի 23-24-ին Ստամբուլում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդասիրական գագաթնաժողովին Իսրայելը ներկայացրած այդ երկրի արտաքին գերատեսչության գլխավոր տնօրեն Դորե Գոլդը խոսել է թուրք-իսրայելական հարաբերություններից։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական տարբերակը։
Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին բանակցություններին՝ Գոլդն ասել է, որ ինքը լիահույս է այդ գործընթացից, բայց խուսափել է ներկայացնել որոշ մանրամասներ. «Չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն անել այս թեմայով, որը կազդի երկու կողմերի (նկատի ունի թուրք-իսրայելական կողմերին,-խմբ.) պատվիրակությունների վրա»։
Իսրայելի արտաքին գործերի բարձրաստիճան պաշտոնյան դրական է գնահատել նաև Ստամբուլում տեղի ունեցած գագաթնաժողովը՝ նշելով, որ Թուրքիան և Իսրայելը բավական նմանություններ ունեն և ունեն միմյանց կարիքը. «Աշխարհի ամենադժբախտ տարածաշրջանում մենք հարևաններ ենք՝ Սիրիան և Իրաքը… «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և տարածաշրջանի երկրներից եկող տարբեր սպառնալիքների տակ ենք»։