Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը կայացրեց իր քաղաքական ընտրությունը». Սերգեյ Մինասյան. «Հայոց աշխարհ»

Մայիս 25,2016 11:29

Ոմանք այսօր արդեն ձեռքի փաթաթան են դարձրել քառօրյա պատերազմի հետեւանքով 800 հեկտար տարածքի կորստի հարցը: Եվ շահարկումները շարունակվելու են. դիմացը ընտրություններ են։

Այս խնդրի շուրջ մեզ հետ զրույցում քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ նախ խոսեց հակառակորդի գրաված դիրքերի մասին՝ նշելով, թե իրականում շատ դժվար է որոշել` որքա՞ն է կազմում այն` 7 հարյո՞ւր, 8 հարյո՞ւր, թե՞ մի քիչ ավել կամ պակաս։

-Խոսքը երկու բլուրների մասին է, որոնցից մեկը գտնվում է հյուսիսում` Թալիշի մոտ, մյուսը հարավում է` գրեթե Արաքսի ափին: Ու քանի որ իրադարձությունները նոր են տեղի ունեցել, դիրքերը դեռ վերջնականապես չեն ձեւավորվել, ապա դժվար է հստակ, կոնկրետ ասել այդ տարածքների չափը:

Սա նաեւ զգայուն հարց է, հետեւաբար շատ կարեւոր է, թե մենք այն ի՞նչ տեսանկյունից կդիտարկենք: Եթե խոսքը մի քանի կիլոմետրի կամ մետրի մասին է, ապա իրականում միգուցե դրանք մարտավարական առումով նշանակություն չունեն:

Բայց խնդիրը մի քիչ ավելի բարդ է. հարավում գտնվող բլուրը ռազմավարական նշանակություն ունի, իսկ հյուսիսում գտնվողի դերը ավելին է այն առումով, որ բլուրը հակառակորդի ռմբակոծություններից փակում էր Թալիշ գյուղը: Ու այս պահին այդ դիրքը ադրբեջանական զինուժի հսկողության տակ է գտնվում։ Նույնիսկ հրաձգային զենքով հակառակորդը կարող է կրակել Թալիշի վրա: Սա է պատճառը, որ Թալիշ գյուղի բնակիչների մեծ մասը չի կարողանում գյուղ վերադառնալ:

Ի դեպ, եթե հարավում գրավված բլուրը, այսպես կոչված, ԼՂԻՄ-ի սահմանից դուրս է գտնվում, ապա հյուսիսինը հենց ԼՂԻՄ տարածքի մեջ է, պատկանում է Մարտակերտի շրջանին:

Այստեղ կա քաղաքական որոշման կայացման խնդիր. նման բարդ իրավիճակներում, բնականաբար, քաղաքական որոշում կայացնում ու պատասխանատվություն են կրում այն անձինք, ովքեր պետության անվտանգության երաշխավորն են:

  -Հենց այդ պատասխանատվության տեսանկյունից չպե՞տք է դիտարկել ու գնահատել նախագահ Ս.Սարգսյանի հետեւյալ խոսքը. «Արդյոք արժե՞ր 800 հեկտարի համար զոհել եւս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների… Ինձ համար շատ ավելի կարեւոր է մեր զինվորների ու սպաների կյանքը»։

-Այո, ինչպես ասացի՝ քաղաքական որոշման հարց է. իսկապես, իմաստ ունի՞ 40 կամ 80 հայրենասեր զինվոր կորցնել։ Թե՞ պետք է անտեսել 50, գուցեեւ ավելի զինվոր կորցնելու վտանգը եւ վերականգնել մինչեւ ապրիլի 2-ը եղած տարածքային իրավիճակը՝ Ադրբեջանին թույլ չտալով հույսեր փայփայել, թե որոշ ժամանակ անց ինքը կարող է նոր տարածքներ եւս գրավել:

Այս իրավիճակում քաղաքական որոշում կայացնողը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Սերժ Սարգսյանը կայացրեց իր քաղաքական ընտրությունը ասելով` ինձ համար շատ ավելի կարեւոր է մեր զինվորների ու սպաների կյանքը:

 

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031