Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղակայված Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Ակցիայի նախաձեռնողներն եղել են Թուրքիայի «Վաթան» կուսակցության ակտիվիստներն ու համախոհները։ Հիշեցնենք, որ այս կուսակցության ղեկավարը հայերիս քաջածանոթ Դողու Փերինչեքն է։
Ստամբուլում տեղակայված Գերմանիայի հյուպատոսարանի առջև բողոքի ակցիա կազմակերպելով՝ շուրջ 70 մասնակից զայրույթն է արտահայտել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի հանդեպ։ Ցուցարարները իրենց հետ ունեցել են գերմաներեն և թուրքերեն կոչեր պարունակող պաստառներ, որոնք ուղղված են եղել Գերմանիայի կառավարությանը։
Կարդացեք նաև
Ակցիայի ավարտին ընթերցվել է Դողու Փերինչեքի նամակը՝ ուղղված Գերմանիայի խորհրդարանի ղեկավար Նորբերթ Լամմերթին։ Դրանից հետո ցուցարարները պատասխանել են լրագրողների հարցերին և ավարտել իրենց նախաձեռնությունը։ Բողոքի ակցիայի ամբողջ ընթացքում ոստիկանությունն արտակարգ միջոցառումներ է իրականացրել՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։