Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել հունգարական «Մադյար նեմզեթ» պարբերականին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Ռուսաստանի համագործակցությանը արտաքին աշխարհի և միջազգային կազմակերպությունների հետ՝ Լավրովը նշել է, որ իր երկիրը չի պատրաստվում մեկուսանալ արտաքին աշխարհից և կշարունակի համագործակցել միջազգային հանրության հետ։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է նաև, որ Ռուսաստանի տնտեսությունն ընտելացել է ոչ բարենպաստ արտաքին գործոններին՝ ԱՄՆ և Եվրամիության պատժամիջոցներին, և հավաստիացրել է, որ դրանց պատճառով Մոսկվան չի պատրաստվում կտրել կապը արտաքին աշխարհի հետ։
Սերգեյ Լավրովը խոսել է նաև Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ ասելով, որ իրենք չեն կարող արհամարհել աճող բացասական միտումները, որոնք առաջանում են ՆԱՏՕ-ի որդեգրած արտաքին քաղաքական դիրքորոշման հետևանքով. «Այս համատեքստում ռուսական կողմը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը, որոնք կկասեցնեն բոլոր ռիսկերն ու սպառնալիքները, որոնք ազդում են մեր ազգային անվտանգությանը»։