armenian-community.ge. Մայիսի 26-28-ին 98 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատամարտերում: Շատ է գրվել այն հերոսական օրերի մասին, երբ ամբողջ ազգը` կանայք և տղամարդիկ, ծերերն ու երեխաները, զենք վերցրին և «Մահ կամ Ազատություն» մարտական կոչով ամբողջովին ջախջախեցին թուրքական բանակը, ստիպեցին նրանց ետ կանգնել հայ ժողովրդի սրտից` Արարատյան դաշտավայրից: Բայց արդյո՞ք մինչև վերջ ենք հասկանում այն օրերի իրադարձությունների ողջ նշանակությունը: Անցկացնո՞ւմ ենք արդյոք զուգահեռներ ներկայի հետ:
1918թ. փետրվարի 10-ին Անդրկովկասի տարածաշրջանում ստեղծվել էր Անդրկովկասյան Սեյմ` խորհրդատու մարմին` անդրկովկասի ժողովուրդների ինքնատիպ խորհրդարան: Անդրկովկասյան Սեյմի աշխատանքին էին մասնակցում 23 պատգամավոր Սոցիալ-Դեմոկրատներից, 27 պատգամավոր Դաշնակցությունից և 50 պատգամավոր Մուսավաթ կուսակցության խմբակցությունից և անկուսակցականներից: Անդրկովկասյան Սեյմի ստեղծման հիմնական նպատակներից մեկն էր Թուրքիայի հետ խաղաղ բանակցությունների անցկացման նախապատրաստումը:
Հարկ է նշել, որ այդ պահին Ռուսաստանում արդեն տեղի էր ունեցել պետական հեղափոխություն և կառավարության գլուխ եկած բոլշևիկները պատրաստվում էին ստորագրելու Բրեստ-Լիտովսկու հաշտության ամոթալի պայմանագիրը Գերմանիայի և նրա դաշնակից Թուրքիայի հետ, որի պայմանների համաձայն` Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Կարսի և Բաթումիի վիլայեթները: Առաջին Համաշխարհային պատերազմն ավարտին էր մոտենում: Անտանտի երկրները` Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այլն, այդ պահին արդեն փաստացիորեն հաղթանակած էին, և բնականաբար, Ռուսաստանի` պատերազմից դուրս գալը, առավել ևս Գերմանիայի հետ անջատողական պայմանագրի ստորագրումը չէր կարող չառաջացնել մեղմ ասած` հիասթափություն… Ռուս զինվորները սկսեցին լքել ճակատային գիծը: Վրացիները և հայերը մնացին միայնակ խստագույն թշնամու` թուրքերի հետ, որոնք դեռևս մի քանի շաբաթ առաջ պատրաստվում էին կապիտուլյացիայի, իսկ հիմա, տեսնելով Ռուսական կայսրության կամավոր նահանջը, նորից հիշեցին իրենց վաղեմի երազանքի մասին` գրավել Կովկասը: Սկսվեց թուրքական զինվորների գրոհը Բաթումի-Կարսի ուղղությամբ:
Հատկապես նման պայմաններում էր ստեղծվել Անդրկովկասյան Սեյմը: Թուրքիայի հետ բանակցությունների սկիզբը նշանակված էր փետրվարի 23-ին: Բանակցությունների անցկացման վայր էր նշանակված Տրապիզոնը: Իր պատվիրակությանը Թուրքիայի հետ բանակցությունների ուղարկելով` Անդրկովկասյան Սեյմը տվել էր հստակ առաջադրանք: Ինչ ուզում է լիներ, ոչ մի դեպքում չընդունել Բրեստ-Լիտովսկու պայմանագրի պայմանները և համոզել Թուրքիային պահպանել այն սահմանները, որոնք կային 1914թ. Առաջին Համաշխարհային պատերազմի սկսվելու պահին: Չնայած թաթար պատգամավորների եռանդուն բողոքին` Անդրկովկասյան Սեյմը որոշում ընդունեց բանակցությունների օրակարգում ներառել նաև թուրքական պետության կազմում Արևմտյան Հայաստանին Ազհային ինքնավարություն շնորհելու հարցը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում