Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ պոպուլիզմի մասին

Մայիս 25,2016 10:00

Սովորաբար «պոպուլիզմ» բառն օգտագործվում է բացասական երանգավորումներով: Անձամբ ինձ էլ առանձնապես դուր չի գալիս «լայն ժողովրդական զանգվածներին» դուր գալու համար կոկորդ պատռելն ու բոցաշունչ ճառեր արտասանելը: Ես չեմ հավանում դա նաեւ այն պատճառով, որ սովորաբար, երբ ընդդիմադիր կոկորդ պատռողները հայտնվում են իշխանական ճամբարում, նրանք դառնում են պոպուլիզմի առաջին խարազանողը: Բայց այն, որ Հայաստանում խոսվում է պոպուլիզմի մասին, արդեն իսկ դրական փաստ է: Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայում կամ Միջին Արեւելքի բազմաթիվ երկրներում պոպուլիզմ կա՞: Իհարկե, ոչ, որովհետեւ populus-ի, ժողովրդին հաճելի բաներ ասելու կարիքը բացարձակապես չկա` քաղաքական կյանքի եւ հասարակական կարծիքի բացակայության պայմաններում:

Իսրայելում, օրինակ, քաղաքական կյանք կա, եւ այնտեղ պոպուլիզմը սովորաբար արտահայտվում է արաբների նկատմամբ առավել կարծր, առավել ագրեսիվ հռետորաբանության մեջ, ինչի շնորհիվ ավելի ազգայնամոլ եւ պակաս ազգայնամոլ ուժերն իշխանության ղեկին պարբերաբար իրար փոխարինում են ամբողջությամբ կամ մասնակիորեն: Միացյալ Նահանգներում նույնպես պոպուլիզմ կա, այնտեղ «ոչ կոնվենցիոնալ» գործիչ, միլիարդատեր Դոնալդ Թրամփն զբաղվում է «միջին ամերիկացու» սիրտը շոյող հռետորաբանությամբ: Եվրոպայում նույնպես միշտ եղել են ու հիմա առավել եւս կան պոպուլիստական հոսանքներ, որոնց առանցքը դարձյալ ազգայնականությունն է` միգրանտներին եւ մահմեդականներին քշենք, Եվրոպան` եվրոպացիների համար եւ այլն:

Դա ինչ-որ մի արտառոց երեւույթ չէ` քաղաքական կյանքի բնականոն դրսեւորում է: Հայաստանում նույնպես պոպուլիզմի անհրաժեշտություն կա. թեեւ ժողովուրդն առայժմ չի կարողանում իշխանություն ձեւավորել, բայց այնպես էլ չի, որ հասարակական տրամադրությունները որեւէ նշանակություն չունեն: Մեզանում քաղաքական այս հոսանքն ունի երկու հիմնական ուղղություն` ազատագրել պատմական հայրենիքը եւ կախել հարուստներին ու իշխանավորներին: Ընդ որում, երբ պատմական հայրենիքի մի մասը ազատագրվում է, պոպուլիզմն ամբողջությամբ ուղղվում է երկրորդ` սոցիալական հուն: Օրինակ՝ 1992-1994թթ. պատերազմի բարեհաջող ավարտը որեւէ քաղաքական միավոր չբերեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ Արցախն ազատագրվել էր «ի հեճուկս նրա ցանկության», իրականում նա զբաղված էր «Ղարաբաղը թուրքերին ծախելով», իսկ ներքին կյանքում «ցուրտ ու մութ կազմակերպելով»:
Այնպես որ՝ ոչ ոք թող պոպուլիզմից չնեղվի` դրա մեջ որքան կեղծ, այնքան էլ առողջ բան կա: Կասկածողներին առաջարկում եմ վերընթերցել Շեքսպիրի «Կորիոլանը»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արտաքին օրինակների վերաբերեալ ակնարկութիւնները մի քիչ – շատ – հապճեպ են…

    Իսրայելի պարագային, արաբների դէմ հռետորութիւնը, դժբախտաբար, էապէս հիմնաւորված է, նկատի ունենալով բառացիօրէն առօրեայ, արիւնահեղ հակամարտութիւնը, ուղղակի երկրին մէջ, ամենուրեք եւ ամէն առիթով: Երեւակայական վտանգների եւ ատելութեան դէմ ձեւակերպութիւն չէ ուրեմն այդ գաղափարախօսութիւնը, ոչ ել չափազանզված է, ափսոս:

    Իսկ Եւրոպայի կարգ մը քաղաքական-հասարակական դէմքերի եւ ԱՄՆ-ում յատկապէս Դոնալդ Թրամփի պարագային, յարգելի Խմբագիրը թերեւս ժողովրդահաճութիւնը շփոթում է այդ զզվելի «politically correctness»ին այլեւս չյանձնվելու հանդգնութեան հետ:

    Այսինքն, յօդվածի այդ բաժնին մէջ՝ ոչ-պոպուլիզմը համազօր է նո՜ւրբ ու քաղաքավար ստախօսութեան, իսկ պոպուլիզմը՝ կոշտ ու կոպիտ… ճշմարտախօսութեան:

    Իսկ Եւրոպայում եւ ԱՄՆ-ում ժողովուրդի լայն հատուածներ նախընտրում են խաբվիլ այդ առաջին կեցուածքով՝ քաղաքական մնայուն կեղծաւորութեամբ: Հետեւաբար, երկրորդ մօտեցումը, անսանձ անկեղծութիւնը, ժողովրդահահութեան հակառակն է… Բաւ է որ տեսնէք արդէն Թրամփի դէմ տեղի ունեցող ժողովրդային լայնածավալ ու վայրենի ցոյցերը, ԱՄՆ-ում, ինչպէս նաեւ անոր դէմ ուռճացող տեւական յարձակումները, մամուլի մէջ, ԶԼՄ-ներում, ամէն րոպէ եւ ամէն կողմ:

  2. ars says:

    Այո, ինչ որ ասվում է ՀՀ Առաջին , երկրորդ, երրորդ… Նախագահների մասին, իսկապես աբսուրդ է: Մեր բոլոր Նախագահները բարեբախտաբար- պրոֆեսիոնեալներ են ու զբաղվել ու զբաղվում են ու կզբազվեն մեր ազգային-պետական գործերով ու ականջի ետև են գցում իրենց հետևից ու առջևից հնչող հերյուրանքները ու աբսուրդը.. որ Շուշին գրավվել է ի հեճուկս… դա զվարճալի է ու շատ ամոթ կլիներ իրականում դարեր հետո այս ամենի մասին կարդալը, եթե սենց ապուշ մտքերը իրականում չփոշիանան տարիների ընթացում:
    Հ.Գ. ինձ հայտնի է ու մարդկայնորեն հասկանալի Արամի նախատրամադրվածությունը երկրորդ Նախագահի անձի մասին, բայց և վստահ եմ, որ եթե դուրս գանք անձնական դաշտից, ապա դա էլ կհարթվի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Երբեք չեմ կարծել եւ չեմ գրել, որ Երկրորդ նախագահը «ծախել է Ղարաբաղը» կամ չի նպաստել մեր ռազմական հաջողություններին: Այնպես որ հարթված է 🙂

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031