«Երբ ռազմական գործողությունները վերսկսվեցին և դրամահավաքի մասին հայտարարություն արեց Արցախի կառավարությունը, մենք էլ այստեղ սկսեցինք ակտիվանալ ու հետևեցինք դրան` թե դրամական և թե նյութական տարբերակով, իհարկե այն ապրանքների տեսքով, որոնք իսկապես անհրաժեշտ են:
Կան մարդիկ, որ անհատական աջակցություն են ցուցաբերում իրենց նախաձեռնությամբ: Մի քանի օր առաջ մի հայ բժիշկ այն դեղերով արկղը բերեց, Դրեզդենի հիվանդանոցում է աշխատում, որ փոխանցեմ ընդհանուր բեռի հետ: Շատ ու շատ փոխանցումներից ես տեղյակ չեմ էլ լինում, որովհետև մարդիկ դա անում են սեփական նախաձեռնությամբ»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
Մեր զրուցակիցը ներկայացնելով ընդհանուր իրավիճակը՝ փաստեց, որ այստեղ ակտիվ են գրեթե բոլոր հայկական կառույցները: Նրանք իրենց օգնությունը ցուցաբերում են տարբեր ճանապարհներով` առաջնորդարանի, համայնքային ղեկավարների միջոցով կամ անհատական:
Հարություն Գրիգորյանը նշեց, որ ինքը խրախուսում է գումար փոխանցելը, որովհետև բեռը տեղափոխելը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում. «Ճիշտ է, մենք հավաքում ենք այն, ինչը վստահ պետք է լինելու ավերված բնակավայրերին և հիմա ճանապարհներ ենք փնտրում, որ մատչելի կամ անվճար ուղարկենք այն: Դրանով է պայմանավորված մինչև հիմա սպասելը, բայց ամենաուշը հունիսի առաջին օրերին պիտի ուղարկենք: Հավաքված բեռն այստեղ մեկ տոննա է, Շտուտգարտում Տեր Տիրատուրն է երեք տոննա հավաքել, նրանք արդեն 12.000 եվրո ուղարկել են, շարունակում են հավաքել: Մոտավորապես նույն պատկերն է մնացած հայկական համայնքներում»:
Կարդացեք նաև
Արցախի ներկայացուցչությունը պատերազմական առաջին օրերին նախ օպերատիվ ձևով թարգմանել և ներկայացրել է Արցախի ՊՆ-ի հայտարարությունները Բունդեսթագին ու արտգործնախարարությանը, որ գերմանական կողմն իրազեկ լինի իրավիճակի զարգացմանը:
«Զուգահեռ աշխատում ենք նաև մի շարք պատգամավորների հետ: Արդյունքում ապրիլի կեսերին երկու գերմանացի պատգամավորի հետ, Ձախերի ներկայացուցիչ, գնացի Արցախ, և իրենք իրենց աչքերով տեսան, նկարեցին, վերջում էլ այստեղ հայտարարեցին, որ եթե իրենք Արցախը տեսած չլինեին, ադրբեջանցիների հետ մայիսի 11-ի հանդիպումից հետո պիտի նրանց հավատային, որովհետև նրանք ծրագրված են գործում: Մեկն ինձ պատմեց, որ իր հետ այդ ադրբեջանցի պատգամավորները չեն ուզել հանդիպել, քանի որ տեղյակ էին, որ ինքն արդեն Արցախում եղել է: Իրեն իր պատգամավոր ընկերներն են հրավիրել հանդիպմանը որպես Արցախը տեսածի` ականատեսի: Գերմանացին էլ, կարծում եմ, չի ուզենա սխալվել: Այդ մեկին հետևեց հաջորդ այցը, նորից Ձախերի կուսակցությունից»,- պատմում է Հ. Գրիգորյանը:
Բեռլինի եկեղեցական համայնքում Հ. Գրիգորյանը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում` համայնքի անդամներին տեղեկատվություն տալու և նրանց հարցերին պատասխանելու համար. «Ես դա անում եմ հաճույքով»: Նա մտադիր է տեսազանգի միջոցով հարց ու պատասխան կազմակերպել, որ գերմանահայերը խոսեն անմիջապես Արցախի հասարակական, քաղաքական գործիչների հետ:
Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն – 1860» կազմակերպությունը նույնպես ակտիվ է Արցախին օգնելու հարցում: Վերջինս Բոխումում հաշվեհամար է բացել: Միությունը հավաքված գումարով կատարելու հասցեական դրամական օգնություն զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին:
«Մենք մտածեցինք զինկոմիսարիատներից ստանալ նրանց ցուցակը և ուղիղ կապով ցուցաբերել օգնությունը, անմիջապես կփոխանցենք տվյալ մարդու անունով, որ նա գնա բանկից ստանա իր անձնագրով: Սպասում ենք, որ հավաքվի որոշակի գումար, հերթով ուղարկենք, արդեն կազմել ենք Շիրակի մարզի զոհվածների ցուցակը ու շարունակում ենք: Հայտարարությունը մշտապես է գործելու, չենք դադարելու»,- զրույցի ընթացքում հավաստիացրեց միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Ինչպես մեզ տեղեկացեց Ա. Օրդուխանյանը` Բիլեֆելդի համայնքից մի քանի հայ ընտանիքներ չեն սպասել գումարի հավաքվելուն, նրանք չորս ընտանիքի ուղարկել են 370-ական եվրո ու մեկ ընտանիքի հովանավորություն են ստանձնել: «Նմանատիպ օրինակները շատ են»:
Բեռլինում գործող «Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիան»` ՀԵՄԱ-ն, ապրիլի 8-ին տարածեց հայտարարություն, որ պատրաստվում է օգնություն ցուցաբերել Արցախին դրամական և նյութական տարբերակով: Այն դեռ ընթացքի մեջ է: Հավաքված 5.000 եվրոն ՀԵՄԱ-ն արդեն փոխանցել է Արցախի ֆինանսների նախարարություն, որ այնտեղ ըստ պահանջի տնօրինեն: Իսկ իրեղեն օգնությունը կուղարկի առաջիկա օրերին:
«Արդեն մոտ հիսուն արկղ հավաքել ենք առաջնորդարանի և հայ բժիշկների միության հետ միասին: Դա ուղարկելու ենք Քաշաթաղի շրջան, որտեղ կբաժանվի կարիքավոր ընտանիքներին: Իրեղեն օգնությունը հիմնականում վրաններ են, քնապարկեր, ճտքակոշիկներ, տաք հագուստ, այսինքն` այն, ինչի կարիքն իրականում կա և կօգտագործվի, նաև, իհարկե, դեղորայք, բժշկական առաջին օգնության պարագաները, սարքերը, որոնք կան այստեղ: Այդ հարցում կողմնորոշվելու համար մենք համագործակցում ենք Արցախի ներկայացուցչի` Հարություն Գրիգորյանի հետ»,- մեզ հետ զրույցում նշեց ՀԵՄԱ նախագահ Միքայել Մինասյանը:
Կազմակերպությունն այս օրերին Բեռլինում անց է կացնում գերմանահայկական մշակութային օրեր և պատրաստվում է միջոցառումներից ստացված հասույթը (ծախսերը հանած) ուղարկել Արցախ:
Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ
արվեստագիտության թեկնածու