Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտագաղթի դեմն արագ չառնելը կբերի Ղարաբաղյան պատերազմի և բազմաթիվ այլ պարտությունների

Մայիս 25,2016 08:22

Թեմա, որի մասին բոլորը և ամենուրեք խոսում են, սակայն այդ ուղղությամբ որևէ կոնկրետ գործ չի արվում և հուսադրող արդյունքներ առ այսօր չկան: Այս թեմայի մասին այնքան է գրվել ու խոսվել, որ արդեն չափազանց ռիսկային ու պատասխանատու է խոսել նույն թեմայից ու փորձել նոր բաներ ասել:

Ղարաբաղյան պատերազմից հետո, Հայաստանի ազգային անվտանգության համար սա թիվ երկու խնդիրն է, որի կանխարգելման հետ կապված պետք է կոնկրետ, արդյունավետ միջոցառումներ և գործնական քայլեր իրականացնել, քանզի այս հարցում չափազանց շատ ենք ուշացել և այսօր, երկրում փաստացի ունենք պայթյունավտանգ իրավիճակ:

Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, արդեն ամեն օրն է աշխատում այդ իրավիճակի դեմ: Ես հասկանում եմ, որ երկիրն այսօր, փաստացի հայտնվել է այնպիսի իրավիճակում (Ղարաբաղյան պատերազմ, աննախադեպ արտագաղթ ու գործազրկություն, համատարած կոռուպցիա, տնտեսական, սոցիալական ողբերգական վիճակ, արդարության իսպառ բացակայություն, հույսի և հավատի աներևակայելի կորուստ, մենաշնորհների սանձարձակ առկայություն, օրենքների գերակայության իսպառ բացակայություն, իրավական դաշտի գործունեության բացարձակ անհամաչափություն, պետական ապարատում աշխատակիցների անհարկի ուռճացում, պրոֆեսիոնալիզմի բացակայություն, բավականին մեծաթիվ պորտաբույծների առկայություն … այս շարքը կարելի է երկար թվարկել), որ միաժամանակ՝ բազմաթիվ էքստրեմալ ուղղություններով իրավիճակներ փրկելը չափազանց բարդ է, սակայն սա է մեր ունեցած վիճակը և ուզենք, թե չուզենք, պետք է ելքեր գտնենք և ամեն կերպ փորձենք երկիրը փրկել:

Տասնյակ տարիներ շարունակ խոսվել է այս վտանգավոր երևույթների մասին, խոսվել է նաև դրանց արատավոր հետևանքների մասին, որոնք օր-օրի գումարվելով, ստեղծել են այսօրվա անտանելի ծանր ու տագնապալի վիճակը, սակայն ժամանակին համարյա ոչինչ չի ձեռնարկվել դրանց զսպման և կարգավորման ուղղությամբ, որի «պտուղները վայելում ենք» այսօր: Քանի ասողին լսող չկա, այդպես էլ պետք է լիներ:

Լավ, փորձենք ամեն ինչը մի կողմ դնել, բայց չէ որ 1994թ.-ից ունեինք չավարտված Ղարաբաղյան պատերազմ, որն ամեն վայրկյան կարող էր պայթել: Բա, նույնիսկ այս պարզ բանը չէի՞նք հասկանում, որ երկիրը հասցրինք այս վիճակին: Բա, ինչո՞վ էինք զբաղված: Բա, ո՞ւմ վրա էր մեր հույսը, Ռուսաստանի՞, թե՞ Ղազախստանի…:

Վերը նշված և բազմաթիվ շատ այլ հարցեր անմիջականորեն փոխկապակցված են միմյանց հետ, իսկ դրանց բազիսը արտագաղթն է, որի ամեն մի շարժ՝ զսպանակաձև առաջացնում է մյուսների համապատասխան շարժերը (բնական է, դեպի բացասական ուղղությամբ): Դրանցից հատկապես երկուսը՝ արտագաղթը և կոռուպցիան, սիամական՝ անբաժանելի եղբայրների նման, ահավոր կերպով խեղդում են երկրի և ժողովրդի կոկորդը ու առանց վայրկյան կանգ առնելու, անընդհատ և ահավոր ուժով սեղմում և նեղացնում են օղակը և եթե, չափազանց արագ և վճռական միջոցներ չձեռնարկվեն, ապա խեղդվելն անխուսափելի է:

Եվ այսպես, գնդակն իշխանությունների դաշտում է, մնացել է լրացուցիչ ժամանակը, հետևաբար նրանք պարտավոր են ուժերի գերագույն լարումով փրկել վիճակը: Կարծում եմ, իշխանությունները ևս քաջատեղյակ են այս վիճակից, որի վկայությունն է իշխանությունների բերանից՝ մի քանի օր առաջ, վարչապետի արած հայտարարությունը կոռուպցիայի և մենաշնորհների վերաբերյալ: Իսկապես, դա է խնդրի լուծման բանալու առաջին պտույտի ուղղությունը, մնում է ոչ թե հերթական անգամ բարձրաձայնել դրա մասին, այլ ուղղակի սկսել ճիշտ պտտել բանալին:

Հայաստանը շատ փոքր երկիր է և շատ արագ ջրի երես է դուրս գալու, թե վարչապետի հայտարարությունը՝ ընդամենն ականջի համար հաճելի բարձրաձայնում է, թե իրավիճակ փոխելու կոնկրետ հրահանգ, որը պարտադիր ենթակա է կատարման բոլոր պաշտոնատար անձանց համար:

Անկեղծ ասած, այն, ինչի մասին հայտարարեց վարչապետը, երկնքից իջեցրած ինչ-որ արտառոց բան չէր, դա ընդամենը Հայաստանի օրենսդրությամբ՝ պարտադիր կատարման ենթակա դրույթ է, որը տասնյակ տարիներ ի վեր, անընդհատաբար խախտվելով՝ գնում է և դրա վրա իշխանությունների աչքը մշտապես փակ է եղել: Եթե այսքանից հետո էլ նրանց աչքը չբացվի և նրանց կողմից կոնկրետ գործողություններ չիրականացվեն, ապա երկիրը չափազանց մեծ արագացումով կգլորվի անդունդը և լավագույն դեպքում, Հայաստանից կմնան փշրանքներ: Էլ ոչ աշխարհի հզորներին, ոչ Մինսկի խմբի համանախագահներին ոչ մի ջանք թափելու կարիք չի լինի, քանզի Ադրբեջանն արդեն միակողմանի լուծած կլինի Ղարաբաղի հարցը և ընդամենը՝ պատմության դասագրքերը պարտադրված կենթարկվեն հերթական խմբագրմանը…

Նույնիսկ, իշխանությունները չեն հասցնի հրաժարական տալ…

 

 Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Արդեն ինչքան անգամ ենք լսել Հայաստան պետության կարծանման մասին, երևի քսամնհինգ տարի, բայց փառք մեր ազգաին, դեռ կանգուն ենք և այսպիսի Նոստրադամուսների կանխատեսումները փուչիկի նման պայթում են: Լավ էլի, հերիք է, նվնվաս:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031