Լրահոս
Օրվա լրահոսը

«Սադախլոյի» մաքսակետում քաղաքացիներին «պլոկում» են

Մայիս 25,2016 17:30

Բայց ոչ աթոռ ունեն, ոչ ջուր, ոչ էլ աշխատող սուրճի-թեյի ապարատ
Երբ մտնում ես մի անծանոթ տուն, առաջին հայացքդ ուղղվում է շեմքի դռանը, հետո միջանցքին, ապա նոր հյուրասենյակին, դա այդպես է: Մի քանի օր առաջ մենք 3 ընկերներով վերադառնում էինք արտասահմանից մեր մարդատար ավտոմեքենայով, գիշերը կես էր եղել, երբ փորձեցինք անցնել հանրահայտ «Սադախլո» կոչված մաքսային անցակետով, կանգնեցրին մեզ, սկսեցին խուզարկել ավտոմեքենան, եւ երբ ոչ մի կասկածելի իր չհայտնաբերեցին, կանգ առան մեզ հետ բերվող մի քանի պլաստմասսայե 10 լիտրանոց տակառիկների վրա, որոնք պարունակում էին լվացող հեղուկ, ու սկսեցին իրենց մոտ եղած հրահանգների մեջ փնտրել դրան համապատասխան հոդվածը, որպեսզի մաքսազերծեն: Չգտան ոչ մի համապատասխանություն, սկսեցին մեկը մյուսի հետ խորհրդակցել, թե ինչ ճանապարհով կարելի է եւ պետք է մեզանից փող «պլոկեն»: Ուղիղ 2 ժամ հետո ի վերջո եզրահանգման եկան, որ պետք է ձեւակերպեն՝ օճառաջուր, եւ ստիպեցին, որ 30 հազար դրամ տուրք մուծենք մեր կարիքների համար արտասահմանում գնված օճառաջրի համար:

2 ժամ մաքսային կետի տարածքում գտնվելով, իսկ ավելի ճիշտ թափառելով՝ ականատես եղանք մի շարք անհարմարությունների: Նախ՝ մաքսակետի ամբողջ տարածքը չէր լուսավորվում, ամբողջությամբ քանդված էր ասֆալտե ծածկը, ամեն տեղ փոսեր եւ անհարթություններ էին, որոնք լցված էին ցեխաջրով, մենք էլ անմասն չմնացինք այդ ցեխալճակների մեջ ընկնելուց: Երբ ցանկացանք օգտվել թեյի կամ սուրճի ավտոմատ սարքավորումներից, պարզվեց, որ բոլորն էլ փչացած են, երբ ցանկացանք վարչական գրասենյակում նստել, տեսանք, որ մետաղյա նստարան-աթոռները կոտրված էին: Մաքսասենյակի աշխատողներից խնդրեցի 1 բաժակ ջուր, նրանք մատնացույց անելով ավտոմատ ապարատը՝ ասացին, որ չի աշխատում, իսկ երբ խնդրեցի լվացարանի ծորակի ջրից օգտվել՝ իրենց գրասենյակում տեղադրված, պարզվեց, որ դա միացված է արտեզյան ջրին եւ օգտագործելի չէ:

Զարմացած եւ ապշահար նայում էի չորս կողմս. արդյոք սա Հայաստա՞նն է, թե՞ մենք գտնվում ենք մի խուլ ասիական ավանում:

Մենք գալիս էինք Թուրքիայից, որտեղ ճանապարհները եւ փողոցները այնքան հարթ ու մաքուր են, որ հարյուրավոր կիլոմետրեր մեքենան վարելով՝ չէինք զգում, որ գետնի վրայով էինք երթեւեկում, իսկ թուրքական կողմի մաքսային տարածքը այնքան մաքուր էր ու հագեցած սպասարկման բարձրագույն որակով, տեխնիկայով ու սարքավորումներով, որ մեծ բավականություն զգացինք, իսկ անցակետով անցնելը տեւեց ընդամենը 10 րոպե:
Հայաստանի մաքսային ծառայության պատասխանատուները եւ այդ գերատեսչության աշխատակիցները երեւի տարիներով ոտք չեն դրել այդ տարածք կամ էլ մուգ ակնոցով են անցել այդ մաքսակետով՝ չտեսնելու տալով այս ամենը, հատկապես չնայելով ոտքերի տակ:

Երբ տարածքում պատահական հանդիպած մի մաքսային աշխատողի հետ զրուցեցի եւ զարմացած ու վիրավորված թվարկեցի այդ բոլոր բացերը, նա, համամիտ լինելով ինձ հետ, ասաց՝ եթե 2 ժամ էլ մնաք այս տարածքում, էլ ավելին կտեսնեք:
Ի՞նչ է լինում այն գումարը, որը մեզանից եւ մեր նման հարյուր հազարավոր քաղաքացիներից «պլոկվում» է: Կուտակվում է ու նորից մտնում ինչ-որ մեկի գրպանը, հակառակ դեպքում մաքսակետն այդքան լքված ու անբարեկարգ չէր լինի: Կստեղծվեին բարեկարգ եւ հարմարավետ պայմաններ քաղաքացիների եւ զբոսաշրջիկների համար:
Եթե մեզ հետ գար մի ազգությամբ թուրք կամ այլազգի զբոսաշրջիկ ու տեսներ այն ամենը, ինչ նկարագրեցի, նրանք, հավանաբար, հենց մաքսակետից ցանկություն կունենային հետ դառնալ՝ Հայաստանի մասին իրենց հետ տանելով անտերության մատնված մաքսակետի տպավորությունները:

 
ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031