«Դատական ներկայացուցչությունը չպետք է լինի փաստաբանների մենաշնորհը»- ասել է ԵՊՀ դոցենտ, ԲՀԿ-ական նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը:
Այդ կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի հետ զրույցում վերջինս հայտնեց հետեւյալը.
«Ինձ համար զարմանալի չէ պարոն Պետրոսյանի նման դիրքորոշումը: Շատ իրավաբաններ կնախընտրեն դեմ արտահայտվել այդ «մենաշնորհին», քան փորձեն դիմել եւ ընդունվել, այնուհետեւ բարեհաջող ավարտել ՀՀ փաստաբանական դպրոցը: Այո՛, այսօր փաստաբան դառնալու գործընթացը շատ է բարդացվել, եւ՛ դա ուղղված է միմիայն նրան, որպեսզի փաստաբանական գործունեությամբ զբաղվեն իրոք արհեստավարժ եւ բանիմաց մասնագետներ:
Բնավ, չեմ ուզում ասել, որ չկան իրավաբաններ, որոնք չեն կարող փաստաբանների նման կամ նույնիսկ ավելի լավ իրականացնել դատական ներկայացուցչությունը: Այն, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարեւոր եւ առաջնային խնդիր է դատական ներկայացուցչությունը որակյալ մասնագետի կողմից ապահովելը, չի հերքում նաեւ տվյալ դիրքորոշման հեղինակը: Սակայն, մի կողմից վերջինս նշում է, որ փաստաբանների շարքում կան ոչ որակյալ մասնագետներ, իսկ մյուս կողմից էլ՝ արդարացված է համարում քրեական գործերով պաշտպանության իրականացումը բացառապես փաստաբանին վերապահելը՝ որպես պետական հարկադրանքին՝ համապատասխան որակավորում ստացած անձի մասնագիտական պատրաստվածությամբ հակակշիռ: Այսինքն, հեղինակն ինքն է ընդունում, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից քրեական գործերով որպես պաշտպան լավագույնս հանդես կարող է գալ բացառապես փաստաբանը:
Բացի այդ, պարոն Պետրոսյանը, մի կողմից կարեւորելով դատական որակյալ պաշտպանության ապահովման հարցը, հավանաբար, ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ պարոն Ուրիխանյանի առաջարկած նախագծով անվճար հիմունքներով դատական ներկայացուցչության իրականացում առաջարկվում է թույլատրել նաեւ ոչ իրավաբաններին: Հետեւաբար, պարոն Պետրոսյանն առնվազն այս առումով պետք է հակադարձեր նախագծին՝ նշելով, որ արդյունավետ եւ որակյալ դատական ներկայացուցչություն հնարավոր է ապահովել գոնե պարտադիր պայման սահմանելով իրավաբանի մասնագիտության առկայությունը:
Կարդացեք նաև
Պարոն Պետրոսյանը նաեւ մատնանշում է ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, որով վարչական դատավարությունում ներկայացուցչության առումով փաստաբանների «մենաշնորհ» սահմանված չէ: Պետք է հուշենք ընթերցողներին, որ վարչական դատավարությունում չի գործում մրցակցության սկզբունքի ավանդական դրսեւորումը, այլ դատարանը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդված) յուրաքանչյուր գործ քննում է ի պաշտոնե («ex officio»), այսինքն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով եւ առարկություններով եւ իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր եւ հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։ Հետեւաբար, եթե նույնիսկ կողմի ներկայացուցիչը, չունենալով համապատասխան որակավորում կամ մասնագիտական փորձ, ինչ-որ բանում զլանա կամ թերանա (չներկայացնի համապատասխան ապացույց, չվկայակոչի անհրաժեշտ փաստը), միեւնույն է, դա նրա փոխարեն պարտավոր է անել դատարանը»:
Մանրամասները կարդացեք
վաղվա «Առավոտում»:
«Առավոտ» օրաթերթ
24.05.2016