Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրականությունն այն չամիչն է, որ կյանքի «բուլկու» մեջ հաղորդում է համ ու գրավչություն»

Մայիս 25,2016 15:00

Հարցազրույց գրող Առլեն Շահվերդյանի հետ

– Հե՞շտ են ծնվում գրական էտյուդներդ ու պատմվածքներդ:

– Գրական էտյուդներս, պատմվածքներս, վիպակներս, առհասարակ՝ բոլոր արձակ ստեղծագործություններս, երեւույթի, ապրումի կամ որեւէ դրվագի գեղարվեստական ոճով գրական արտահայտչամիջոցներն են: Կան պատմվածքներ, որոնց ստեղծման ներշնչանքն այնպես է հորդում, որ գրեթե մեկ շնչով է ծնվում նոր գործը: Կան եւ այնպիսիք, որոնք որոշակի բովով են անցնում հոգու գաղտնարաններում, հասունանում, սպասում իրենց համար նախանշված պահին, երբեմն՝ երկար սպասում, իսկ այդ ընթացքում բյուրեղանում ու առավել ճշգրիտ կերպով արտահայտում այն, ինչն ուզում ես ասել: Օրինակ՝ ես ունեմ ստեղծագործություններ, որոնց մտահղացումները կամ առաջին, սկզբնական գրառումներն արել եմ ձեռագրով դեռ 10-15 տարի առաջ, այդքան ժամանակ խնամքով պահել եմ ու հրապարակման իրենց ժամին արժանացել են միայն տարիներ անց:

– Ինչո՞ւ է հենց «Գարնանային ռեքվիեմ» վերնագրված նոր գիրքդ:

– «Գարնանային ռեքվիեմ» գիրքս, որը լույս է տեսել մայիս ամսին, հեղինակային մտորումներով «թաթախված» պատմվածքների ժողովածու է: Գարունը կյանքի սկիզբն է, իսկ յուրաքանչյուր ռեքվիեմ էլ արտահայտում է կյանքի մայրամուտն ու ավարտը: Վերնագրելով գիրքս «Գարնանային ռեքվիեմ»՝ ցանկացել եմ ցույց տալ կյանքում սկզբի ու ավարտի հաջորդականության անխախտությունն ու տալ դրա խոհափիլիսոփայական մեկնությունը: Ընթերցողը կտեսնի, որ գրքում զետեղված համանուն՝ «Գարնանային ռեքվիեմ», պատմվածքում տվել եմ ընտրված այդ վերնագրի լիարժեք հիմնավորումը: Ընթերցողին մնում է ձեռք բերել «Գարնանային ռեքվիեմի» իր օրինակն ու ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները:

– Արդյո՞ք գրականությամբ կարելի է հաղթահարել բոլոր ոլորտներում, ցավոք, տիրապետող դարձած «անչամիչ բուլկու» մտածողությունը:

– Շնորհակալություն, որ համեմատությունն անում ես հենց գրքիս «Բուլկու միակ չամիչը» վերնագրով եւ արդեն մեծ համբավ վայելող ստեղծագործության հիշատակմամբ: Ցավոք, գրականությամբ ամբողջապես հաղթահարել տարբեր ոլորտներում առկա իրողությունները՝ հնարավոր չէ, սակայն գրականությամբ առաջարկել հաղթահարման ուղիներ, տալ ուղղորդիչ, հուշող, գեղարվեստորեն գրավիչ ու արդարացված եւ իմաստավորված առաջարկություններ՝ պարտադիր է: Գրականությունը բոլոր հարցերը լուծելու առաքելություն չունի, սակայն այն ունի հարցադրումը վեր հանելու ու դրա վրա ուշադրություն եւ միտք սեւեռելու առաքելություն: Այլաբանորեն եթե ասեմ, ապա գրականությունը հենց այն չամիչն է, որը կյանքի «բուլկու» մեջ հաղորդում է համ ու գրավչություն:

– Ո՞րն է լավ գրականության չափման քո «գործիքը»:

– Լավ գրականությունը, առաջին հերթին, պիտի լինի անթերի, գրագետ, շարահյուսորեն ու ուղղագրական իմաստով՝ մաքուր լեզվով, քանի որ այդպիսով այն դառնում է ճիշտ լեզվամտածողության ճշգրիտ արտացոլումն ու արգասիքը: Որքան էլ ասելիքը ուրույն լինի ու ինքնատիպ, միեւնույն է, ինձ համար դրա մատուցման ձեւը, այն է՝ անաղարտ լեզուն, ստեղծագործության գրի նկատմամբ խնամքով վերաբերմունքը եւ սեփական լեզվի նկատմամբ հարգանքն ու գորովանքը այն «գործիքներն» են ու նաեւ կարեւոր նախապայմանները, որոնք առանձնացնում են մեկ ստեղծագործությունը մյուսից, մի գրողին՝ մյուսից:

– Ստեղծագործում ես ինչպես չափածո, այնպես էլ արձակ: Արդյոք չի՞ անցել պոեզիայի ժամանակը, եթե հաշվի առնենք այն, որ գոնե Հայաստանում գրահրատարակիչներն այսօր ավելի շատ արձակ են տպագրում:

– Ես միշտ համոզված եմ եղել ու հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, որ ստեղծագործող մարդը ստեղծագործաբար է վարվում ամեն ինչում, ստեղծագործաբար է դրսեւորում իրեն ցանկացած իրավիճակում, ոչ միայն արվեստ արարելիս, այլեւ անգամ կենցաղում, հարաբերություններում: Իսկ պոեզիա ստեղծող մարդը, որն ունի տաղաչափության, ռիթմիկայի, մեղեդայնության, այն է՝ երաժշտական լսողությամբ ամրագրված «գրի զարկերակի» ընդգծված զգացողություն, զգայուն կերպով արտահայտում է կյանքի լիրիկական, պոետիկ ընկալումը, իսկ այդ ընկալման կարիքն ունի ցանկացած ժամանակ: Հետեւապես պոեզիայի ժամանակը չի կարող անցնել, այն սերտորեն կապված է մարդու ներքինի հետ, կյանքի իրողություններին ու երեւույթներին նրա՝ պոետիկ կերպով նայելու ու այն այդպես արտացոլելու ունակության հետ: Գրահրատարակիչների կողմից արձակին երբեմն նախապատվություն տալու վտանգ չեմ տեսնում, քանի որ զուգահեռաբար հրատարակվում է նաեւ ուրույն պոեզիա:

– Գրել ես, որ չես սիրում փողը, տուն վերադառնալուն պես իսկույն դրամապանակդ հանում ես ու դնում սեղանին՝ հեռացնելով քեզանից, այնուամենայնիվ, հնարավո՞ր է «փող աշխատել» գրականությամբ, թե՞ այն ուղղակի հաճելի զբաղմունք է կամ ներանձնացում, ռեֆլեքսիա…

– Կրկին շնորհակալ եմ քեզ, որ մեր զրույցի առանցքում խնամքով մշտապես վերադառնում ու հիշատակում ես «Գարնանային ռեքվիեմ» նոր գիրքս: Մեր օրերում գրականության, իսկ ավելի ստույգ՝ գրական գործունեության, մասնավորապես՝ տպագրվող գրքերի միջոցով բառիս արեւմտյան չափանիշներով «փող աշխատելը» հնարավոր չէ, քանի որ շուկան փոքր է, պահանջարկը՝ նույնպես, իսկ ընթերցողի գնողունակությունն էլ՝ համեմատաբար ցածր: Սակայն կարծում եմ, որ գրականության արարման նպատակը ոչ թե բուն եկամուտն է, այլ այն կարեւոր «մեսիջը» եւ նույնքան կարեւոր հոգեւոր բավարարվածությունը, որը ստանում է ընթերցողը: Փող աշխատելով չես վեհանում, այլ վեհանում ես այն բարի նպատակներով ծախսելիս, մինչդեռ գրականության պարագայում վեհանում ես թե՛ գրականության հետ հաղորդակցվելիս, այն «սպառելիս» եւ թե՛ այն ինքդ արարելիս:

Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
24.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031