Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավադյանը՝ Ադրբեջանի խավիարամշակութային փոխհատուցման մասին

Մայիս 25,2016 14:30

Հայ օպերային արվեստի երկրպագուներն առիթի դեպքում հիացմունքով են հիշում՝ մտաբերելով 2014թ. Բրատիսլավայի օպերային թատրոնի մեներգիչների համերգը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Օրերս փոխադարձ այցով Սլովակիա էին մեկնել մեր օպերային թատրոնի մեներգիչները: «Առավոտը» հանդիպեց դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար Լեւոն Ջավադյանի հետ, որը Բրատիսլավիայի ֆիլհարմոնիայի դահլիճում նվագակցել է մեր օպերային երգիչներին:

Լեւոն Ջավադյանը նշեց, որ կայացած համերգը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին, հետո էլ հայտնեց. «Մեր թատրոնի մեներգիչները, մեցցո սոպրանոներ Լիլիթ Հակոբյանը, Գրետա Բաղիյանը եւ բարիտոն Գեորգի Առաքելովը հանդես եկան իսկապես ներկայանալի ծրագրով՝ հնչեցնելով կոմիտասյան ստեղծագործություններից մինչեւ արիաներ Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Հարությունյանի «Սայաթ-Նովա», ինչպես նաեւ հատվածներ համաշխարհային օպերային գրականության գանձարանից, այդ թվում՝ հայտնի արիաներ Ռախմանինովի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Վագների եւ այլոց օպերաներից»: Մեր զրուցակիցը հատուկ նշեց, որ հանդիսատեսների թվում համերգին ներկա են եղել Սլովակիայի գիտության, կրթության եւ սպորտի նախարարը, մշակույթի փոխնախարարը, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
«Երեկոյի սկզբում Սլովակիայում Հայաստանի դեսպանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ Հայաստանի անկախության տարիներին հայ-սլովակյան հարաբերություններին, վերջին շրջանում էլ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց երեկոյին ներկա Սլովակիայի խորհրդարանի նախկին նախագահին, ում ջանքերով 2004թ. ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Ի դեպ, հուլիսի 1-ից Սլովակիան է նախագահելու Եվրախորհրդարանում, այն էլ մեզ համար այս կարեւոր ժամանակահատվածում»,- ասաց Լեւոն Ջավադյանը:

Արվեստագետը հավաստիացրեց, որ հայ օպերային երգիչների յուրաքանչյուր կատարումից հետո հնչում էին հանդիսատեսի երկարատեւ ծափահարություններ, բրավոներ: Մեր զրուցակցի խոսքերով՝ այս համերգը ապացույցն էր հզոր մշակույթ ունեցող մեր երկրի. «Վերջերս տարբեր մակարդակներով խոսվում է Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասին: Այս միջոցառումից հետո Ադրբեջանը քանի՞ տոննա խավիար պետք է մատակարարի Եվրոպա՝ գոնե փոխհատուցելու համար այս երեկոն: Իսկ որ համերգի արձագանքներն անպայման կհասնեն Ադրբեջան՝ չեմ կասկածում, քանի որ նախ՝ մեկ մշակութային միջոցառման ընթացքում հաճախ չէ, որ կարելի է հանդիպել այս քանակի պաշտոնյաների, հետո էլ հենց հաջորդ օրը համերգի արձագանքները երեւացին պարբերականներում»:

Ազգային օպերային թատրոնի օպերային ծրագրի ղեկավարից, որն այս պաշտոնում է ընթացիկ տարվա սկզբից եւ ժամանակին «Առավոտին» հայտնել էր, թե երիտասարդ ձայներով պատրաստվում է բեմադրել Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան, հետաքրքրվեցինք՝ վերջապես ե՞րբ է կայանալու հիշյալ օպերայի պրեմիերան:
«Վերջին ամիսներին երիտասարդ մեներգիչները ընդգրկվել են թատրոնի խաղացանկային որոշ ներկայացումներում, իսկ նրանցից, օրինակ՝ Տիգրան Օհանյանը եւ Մերի Մովսեսյանն առաջին անգամ բեմ են բարձրացել համապատասխանաբար երիտասարդ գնչուի դերերգով Ռախմանինովի «Ալեկո» եւ Անուշի դերերգով՝ Տիգրանյանի համանուն օպերային ներկայացումներում: Ինչ վերաբերում է «Եվգենի Օնեգինին», հստակ որոշված է, աշնանը՝ նոյեմբերի 6-ին, մեծանուն երգչուհի Տաթեւիկ Սազանդարյանի անվան մրցույթը մեկնարկելու է թատրոնի երիտասարդ ձայների այդ օպերայի համերգային կատարումով»,- պատասխանեց Լեւոն Ջավադյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Լեւոն Ջավադյանը (ձախից), Գեորգի Առաքելովը, Լիլիթ Հակոբյանը եւ Գրետա Բաղիյանը:

 

«Առավոտ» օրաթերթ
24.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031