Լրահոս
Օրվա լրահոսը

2 օր` Հռիփսիմյանց կույսերի հիշատակին

Մայիս 25,2016 13:30

Սուրբ Գրիգոր Լուսավորչի` վիրապից ելքի տոնին նախընթաց երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:
Գրիգոր Լուսավորիչը կույսերի նահատակությունից հետո հավաքել եւ ամփոփել է նրանց մասունքները եւ նրանց նահատակության վայրերում կառուցել երեք փայտաշեն վկայարաններ: Հետագայում փայտաշեն վկայարաններին փոխարինում են քարաշեն հրաշակերտ տաճարները: Օրինակ, Կոմիտաս կաթողիկոսը 615-618 թթ. կերտում է Ս. Հռիփսիմե սքանչելի քարաշեն տաճարը, ինչպես նաեւ կույսերի նահատակության փառաբանության համար գրում «Անձինք նուիրեալք» շարականը: Եզր կաթողիկոսի ձեռնարկումով 632 թվականին կառուցվում է Սուրբ Գայանեի հիշատակարանը, իսկ հետագայում` 18-րդ դարում` Նահապետ Եդեսացի կաթողիկոսի օրոք Ս. Շողակաթ եկեղեցին:

Կույսերը Հռոմի Սուրբ Պողոս կուսանոցից, Գայանե մայրապետի գլխավորությամբ, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից` գալիս են Արեւելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում: Տրդատ արքան, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով` հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել, որը տեղի է ունենում Վաղարշապատում, 301 թ.՝ Ս. Գրիգոր Լուսավորչի` վիրապից ելնելուց մի քանի օր առաջ: Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիս-արեւելյան կողմում, կույսերի առաջնորդ Գայանեն` երկու ընկերուհիներով` հարավային կողմում, իսկ մեկը, որ հիվանդ էր` հնձանում:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031