Մայիսի 24-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում հանդիսավորությամբ բացվեց պանրի ընդլայնված արտադրամաս: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, պատգամավոր Պատրիկ Դեվեջյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպատիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ մյուսներ:
Պատրիկ Դեվեջյանին դիմավորեցին հայկական աղուհացով, դաշտային ծաղիկների փնջով: Նա եւ պատվիրակության մյուս անդամներն այցելեցին Լուսաձորում գտնվող պանրի արտադրամաս, անասնապահական ֆերմա, ծանոթացան արտադրության պայմաններին:
Այնուհետեւ կայացավ մամլո ասուլիս, ուր ելույթ ունեցան Պատրիկ Դեվեջյանը, մարզպետ Հովիկ Աբովյանը, դեսպաններ Վիգեն Չիթեչյանը, Ժան Ֆրանսուա Շարպատիեն, «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի նախագահ Հրաչ Թումանյանը, Ֆրանսիայում հայկական խորհրդի փոխնագահ Միշել Պազումյանը:
Կարդացեք նաև
Բանախոսները կարեւորեցին այն մեծ ներդրումը, որ կատարել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացման գործում: Պատրիկ Դեվեջյանը նշեց, որ 2009 թվականից Օ դը Սեն դեպարտամենտը Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացման համար ներդրել է 4,2 միլիոն եվրո:
Լուսաձորի անասնապահական ֆերման ստեղծվել է 2012թ., այստեղ ստացված կաթից օրական ստացվում է 700-900 լիտր կաթ, արտադրվում՝ 80 կգ պանիր: Այդ անասնապահական ֆերմայում ծնված հորթերը տրվել են Տավուշի մարզի գյուղերի 7 միկրո ֆերմաների: Ծրագրում ընդգրկված է սահմանամերձ մարզի 20 համայնք:
Մայիսի 25-ին Տավուշի մարզպետարանում Տավուշի մարզի եւ Օ դը Սեն դեպարտամենտի միջեւ կկնքվի ապակենտրոն համագործակցության 4 տարվա համաձայնագիր: Նախորդ համաձայնագիրը կնքվել է 2011թ.:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ