Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկած եւս երկու քաղաքացի տուգանվեց:
«Հետք» էլեկտրոնային կայքի լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձի փոխարեն քվեարկելու համար Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, տուգանվեց 500.000 դրամով:
Հիշեցնենք, որ «Հետք»-ի լուսանկարչին՝ Նարեկ Ալեքսանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` 2015թ. դեկտեմբերի 6-ին, Երևան քաղաքի Շևչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար:
Հանրաքվեի օրը Նարեկ Ալեքսանյանը, գալով տեղամաս ու տեսնելով, որ նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում իր փոխարեն այլ անձ արդեն ստորագրել և քվեարկել է, զանգահարել է իր հորեղբորը` Գերասիմ Ալեքսանյանին և տեղեկանալով, որ վերջինս քվեարկության չի մասնակցելու, թիվ 8/31 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լուսինե Ալեքսանյանի օժանդակությամբ, քվեարկությանը մասնակցելու համար նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ստորագրել է այլ անձի` հորեղբոր` Գերասիմ Ալեքսանյանի փոխարեն, վերջինիս անվան դիմաց, ստացել է քվեաթերթիկ և կատարել է քվեարկություն:
Կարդացեք նաև
Լուսինե Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` 2015թ. դեկտեմբերի 6-ին, Երևան քաղաքի Շևչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, հանդիսանալով հանձնաժողովի անդամ, տեղեկանալով, որ հորեղբոր որդին` Նարեկ Ալեքսանյանը, ցանկանում է այլ անձի` Գերասիմ Ալեքսանյանի փոխարեն քվեարկել, օժանդակել է նրան այդ հարցում:
Բացի այդ, Լուսինե Ալեքսանյանն, իմանալով, որ իր հորեղբոր որդի Արեգ Ալեքսանյանը գտնվում է ՌԴ-ում և քվեարկությանը չի մասնակցելու, վերջինիս անվան դիմաց լրացրել է պատահական անձնագրային տվյալ և ստորագրել, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:
Լուսինե եւ Նարեկ Ալեքսանյանները դատարանում ընդունել էին իրենց մեղքը: Լուսինե Ալեքսանյանն էլ տուգանվեց 600.000 դրամով:
Նարեկ Ալեքսանյանը դատավճռի մասին հրաժարվեց որեւէ տեսակետ հայտնել կամ մեկնաբանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ