Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կպայքարի կրթության նախարարը վարչապետի մատնանշած կրթական ոլորտի կոռուպցիայի դեմ

Մայիս 24,2016 22:46
levon mkrtchyan

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդյունավետ պետություն կառուցելու, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարելու, պետական ապարատի ծախսերը կրճատելու մասին արված իր հայտարարության մեջ առանձնացրեց երկու ոլորտ՝ կրթությունն ու առողջապահությունը՝ նշելով, որ այստեղ առկա արատների դեմ պայքարը պետք է դարձնեն քննարկման առարկա :

Aravot.am-ը ՀՀ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է արձագանքում վարչապետի այս հայտարարությանը, եւ իր գնահատմամբ կրթական համակարգում արդյոք առկա՞ է այն մակարդակի կոռուպցիա, որը  կխանգարի պետության զարգացմանը:

«Ես վարչապետից այդպիսի գնահատական չեմ լսել, որ կոռուպցիայի այդպիսի աստիճան կա, որ կխանգարի պետության զարգացմանը: Ընդհանրապես բոլոր երկրներում հասարակության մեջ ամենաներթափանցված ոլորտները առողջապահությունն են ու կրթությունը, որտեղ ամեն ընտանիք ներկայություն ունի այդ ոլորտներում: Բնականաբար, այդտեղ ցանկացած բացասական երեւույթ մեծ հնչեղություն ունի, եւ մենք պետք է փորձենք այդ խնդիրները լուծել համակարգային ձեւով:

Տեսեք, երբ որ ես խոսում էի տնօրենների թեստավորման խոչընդոտները թուլացնելու համար շատ հեշտ անցում անելու մասին, որովհետեւ շատ տեղերում արհեստական, բյուրոկրատական խոչընդոտները մեծացնում են ձեր ասած ռիսկերը, նույն ընդունելության քննությունների այս ձեւաչափն իրականացնելը, սոցիալական պատվերի տեղադրումը, սրանք քայլեր են, որոնք մեծապես թուլացնելու են այդ գործընթացները:

Վստահ եմ, հիմա շատ ավելի լավ վիճակ ունենք, քան երեք-չորս տարի առաջ: Մենք այսօր ձեր ասած լարվածությունը ունենք ընդամենը մի քանի ուղղություններում բարձրագույն կրթությունում, եթե նայենք մեր բարձրագույն կրթական համակարգի մեծ մասը՝ ե՛ւ ընդունելության մասով, ե՚ւ սովորելու մասով, ավելի շատ սոցիալական պրոբլեմներ են, մեծ մասը վարձեր չեն կարողանում վճարել,  ամեն տարի 7-8 տոկոսի չափ միայն վարձերի զեղչ է անում յուրաքանչյուր համալսարան, այսինքն ժողովուրդն ինքը արդեն վճարունակ չէ,  եւ շատ խնդիրներ տեղափոխվում են այլ դաշտ:

Նոր հարցնում էին դպրոցների դրամահավաքի մասին, այդ կարգի խնդիրները կարիք ունենք սրբագրելու,  ուժեղացնելու, բայց միայն մտրակով պատժելով խնդիրը չի գնում, մենք պետք է կարողանանք համակարգային լուծում տալ: Այսինքն՝ եթե ինչ-որ մի բան ճիշտ չէ, համակարգով կարող ես շատ հեշտ լուծել, եթե կա խոչընդոտ, խոչընդոտները վերացնելով կարող ենք: Օրինակ՝ եթե մանկավարժի ընտրությունը բերում է կոռուպցիոն ռիսկի, ես կողմնակից եմ, որ մանկավարժների ընտրություն չլինի, դպրոցի տնօրենը թող չընտրի, դիմումը գրեն, ընդունվեն, վերջանա: Այսինքն դա բերում է լրացուցիչ ռիսկի,  շատ պարզեցումներ դրանք կթեթեւացնեն»,- ասաց նախարարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031