«Եթե ես երգիչ եմ կամ դերասան, դա չի նշանակում, որ պետք է սահմանափակվեմ երգելով կամ խաղալով։ Կապ չունի՝ ինչ մասնագիտություն ունենք, բոլորս պարտավոր ենք օգնել այն զինվորներին, որոնք դրա կարիքն ունեն: Ինչպես ասում են՝ հաղթանակի կեսը թիկունքում է։ Ճիշտ է, ես հերթագրված եմ, բայց քանի դեռ այստեղ եմ, պետք է օգտակար լինեմ»,- համոզված է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը:
Մայիսի 9-ին Երևանում կայացած «Շնորհակալ ենք հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով բարեգործական համերգը, որը կազմակերպվել էր ապրիլյան պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող 19-ամյա Ռուբեն Առաքելյանին օգնելու համար, կունենա իր շարունակությունը:
«Այս համերգը մեծ արձագանք ստացավ։ Եղան նաև իրենց կողմից որոշակի գումարով օգնել ցանկացող մարդիկ։ Այդպես որոշեցինք շարունակել բարեգործական ակցիան՝ զինվորներին աջակցելու համար։ Մեկ-երկու համերգով չենք սահմանափակվի, քանի որ օգնության կարիք ունեցող զինվորներ շատ կան»,- Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:
«Իհարկե, հավաքված այդ գումարով չենք կարող զինվորներին ուղարկել Գերմանիա բուժվելու, բայց ինչ-որ չափով կարող ենք թեթևացնել նրանց կենցաղային խնդիրները։ Սա բարեգործություն չէ. այդպես էլ պետք է լիներ, քանի որ մենք պարտավոր ենք»,- հավելեց Հայկ Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Շնորհակալ ենք, հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով համերգը համախմբել է տարբեր ժանրերի երգիչների ու երաժիշտների՝ Հայկ Պետրոսյան, Նարինե Դովլաթյան, Սևակ Ամրոյան, Սոնա Ռուբենյան, Անդրե Սիմոնյան (The Beautified Project):
Ալեքսանդր Մհերյանի խոսքով՝ Երևանում և մարզերում առաջիկայում կայանալիք համերգներին կմիանան նաև այլ երգիչներ, երաժիշտներ, դերասաններ:
Ի դեպ, Հայկ Պետրոսյանը մայիսի 28-ին՝ ժամը 19:30-ին, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հանդես կգա «Եթե ես լինեի ՊաՊա» մենաներկայացման փոքր-ինչ փոփոխված տարբերակով, որից ստացված ողջ հասույթը նույնպես կուղղվի վիրավոր զինվորների ընտանիքներին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ