Կենսաբազմազանության պահպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպվել է Հայաստանի արգելոցների եւ ազգային պարկերի, ինչպես նաեւ «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների լուսանկարների ցուցադրություն:
Aravot.am-ը ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին առաջարկեց խոսել նաեւ նախորդ օրը «Թանգարանային գիշերվա» շրջանակներում ցուցադրվող «Նոյի վերադարձը» խորագրով երգիծանկարների մասին, որոնցում հեղինակներն արդրադարձել են նաեւ Հայաստանում բնապահպանական խնդիրներին: Նախարարն առաջարկեց միասին ծանոթանալ ցուցահանդեսին եւ հետո խոսել:
Ուշադրության արժանացավ մի երգիծանկար «Հումք չկա տապանի համար: Կներեք» մակագրությամբ: «Հետաքրքիր նկարներ են, որոնք ներկայցրել են տարբեր երկրների երգիծանկարիչները: Հայաստանցի հեղինակի այս նկարը նույնպես արդիական է: Այո, կան տարածքներ, որտեղ ապօրինաբար ծառեր են հատվում, եւ դա լավ օրից չի: Կան սոցիալական խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է աչք փակենք այդ երեւույթի վրա: Եթե դուք ուշադրություն դարձնեք կառավարության ծրագրերին, մենք բազմաթիվ վայրերում տնկման աշխատանքներ ենք իրականացնում: Մեր խնդիրը հիմնականում հետեւյալն է. եթե մեկ ծառ կտրվում է, ապա գոնե երեքը պետք է տնկվի: Ճիշտ է, այդ բացասական երեւույթները դեռ կան: Եթե մարդն ապրում է անտառին մոտ, նա նաեւ ծառ է կտրում: Բայց մենք դրանց դեմ պայքարում ենք: Ես ավելի քան վստահ եմ՝ այն իրավիճակը, որ ստեղծվել էր 90-ականներին, այլեւս չի լինի», – ասաց նախարար Արամայիս Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ