Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացված «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը:
Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններին, ապա պատվոգրեր հանձնել լավագույն աշխատանքների համար 12 առաջին տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին և դյուրակիր համակարգիչներ (նոութբուքեր)՝ աշակերտներին: 12 երկրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին պլանշետներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ 12 երրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին թվային հեռախոսներ է հանձնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ծրագրի շրջանակում աշխատանքներ ներկայացրած մյուս դպրոցների տնօրեններն ու աշակերտները ևս արժանացել են պատվոգրերի և խրախուսական մրցանակների:
Վարչապետը ողջունել է դպրոցականների ներուժի բացահայտմանն ու խրախուսմանն ուղղված նմանատիպ միջոցառման կազմակերպումը և ընդգծելով տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կարևորությունը երկրի զարգացման գործում՝ հորդորել է աշակերտներին լավ սովորել և գիտելիք ձեռք բերել:
«Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագիրն իրականացրել են «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, մասնակցել են Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 110 դպրոց-կենտրոնների և իրենց տարածքների դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտները: Ծրագրի նպատակն է՝ աջակցել դպրոցականներին ծանոթանալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ: