Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե գետակ» խանութի սեփականատեր. «Տաքսիստներն ո՞վ են, որ կարծիք հայտնեն»

Մայիս 24,2016 21:09

«Ես Արաբկիրի պատվավոր քաղաքացի եմ, Մանկավարժական համալսարանի քառասուն տարվա Կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի  դոցենտ, գիտությունների թեկնածու, դեկանի տեղակալ, հիմա էլ ֆակուլտետի պրոֆմիության նախագահ, պրակտիկայի նախագահ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Ոսկե գետակ» անվանում ունեցող խանութի սեփականատեր  Գրիգոր Ամալյանը, որպեսզի ապացուցի, որ ինքը պարզապես վաճառական չէ՝ փողի համար աշխատող:

Նա այն անձն է, ում վարձակալած ծառայողական կայանատեղիի համար այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքում էին մի խումբ տաքսու վարորդներ:

 Հիշեցնենք, որ բողոքին արձագանքեց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, որը նաեւ եղավ խանութի տարածքում,  նորից խոսեց վարորդների հետ, սակայն խանութի սեփականատիրջը հանդիպել չստացվեց. ըստ այստեղի աշխատակիցների՝ ընդմիջման էր գնացել:

Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Գրիգոր Ամալյանն ասաց, որ Հենրիկ Նավասարդյանի այցելության մասին նախապես չի իմացել,  խնդրի վերաբերյալ նա ներկայացրեց իր տեսակետը՝ նշելով, որ մի խումբ «տգետ մարդիկ» փորձում են ստվեր նետել իր վրա: Նա նշեց, որ իր խանութի դիմացի կայանատեղին վարձակալել է, որովհետեւ հաշվի է առնել այն հանգամանքը, որ իր հետ համագործակցող բանկերը, որոնք ունեն բանկոմատներ, ցանկանում են, որ այդտեղ իրենց համար կայանատեղի լինի. «Մեր ընկերության հետ նաեւ աշխատում է Կենտրոնական բանկը՝ տարադրամի փոխանակման կետի հետ կապված, անընդհատ ստուգումների, հսկողությունների տակ են: Ես դեռ չեմ ասում իմ շրջապատը, մատակարարները եւ այլն: Դրանից բխելով՝ ես զրուցեցի, ասացին, որ դուք իրավունք ունեք օրինական ճանապարհով դիմել քաղաքապետարանի համապատասխան վարչություն , եւ ձեզ տեղ կհատկացնեն: Մենք էլ, հաշվի առնելով բոլոր այդ պահանջները, որոնք գոյություն ունեին՝ ե՛ւ հասարակության, եւ՛ շրջապատի, ե՛ւ ընկերությունից բխելով, դիմեցինք եւ ստացանք օրինական պահանջը: Եղել է նաեւ խնդրանք ամբողջ վերեւը վերցնել, բայց ես ընդամենը մի տասը-քսան մետրի համար եմ դիմել, որի համար պատերազմ են անում»,- ասաց Գրիգոր Ամալյանը՝ նշելով, որ վարորդներն ասում են՝ իրենք այդտեղ պետք է կանգնեն, որովհետեւ այդպես են ուզում:

Պարոն Ամալյանը պնդում է, որ ինքը որեւէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չի մտել՝ ո՛չ վարորդների, ո՛չ էլ բնակիչների: Նա հերքում է վարորդների խոսքը, թե դիտմամբ իրենց հետ վիճում է. «Ես հարեւանության հետ ընդհանրապես կոնֆլիկտ չեմ ունեցել: Այդ վարորդների մեջ կա ընդամենը երկու բնակիչ: Ոչ մեկը բնակիչներից ինձ բան չի ասել, ոչ մեկ  նրանց հետ այդ մասին չի խոսել, կոնֆլիկտ չի եղել»: Մեր դիտարկմանը, թե հարեւան վարորդները պնդում են, թե դուք նրանց այդ տարածքում չեք թողնում կանգնել, պարոն Ամալյանը պատասխանում է. «Ոչ ոք չի ասել՝ մի՛ կանգնեք, բայց օրենքի մեջ ասված է՝ առանց տաքսու տարբերանշանի պետք է լինի մեքենան»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչքան գումար է վճարել տարածքը վարձակալելու համար, պարոն Ամալյանը նշեց՝ 300 000 դրամ, եւ հերքեց, թե ինքը վարորդներին ասել էր, թե քաղաքապետարան վճարել է 500 000 դրամ, եւ նրանց էլ կարող է ինքն այդ տարածքը վարձակալության տալ:

«Մարդն ունի կենսագրություն: Եթե խոսում ես Գրիգոր Ամալյանի մասին, Գրիգոր Ամալյանը քառասուն տարի ունեցել է ուսանողություն եւ ունի բարի համբավ: Տաքսիստներն ո՞վ են, որ կարծիք հայտնեն եւ փորձեն շանտաժ անել»,- նորից ասաց պարոն Ամալյանը՝ հերքելով նաեւ այն վարկածը, որ իր դատավոր տղան ազդեցություն ունի քաղաքապետարանի՝ այս տարածքի հետ կապված որոշումների վրա. «Դատավորը կապ չունի այս խնդրի հետ, դատավորն ի՞նչ կապ ունի այս ընկերության հետ: Ասեմ՝ կողքը կա մի վաճառքի ընկերություն, որոնք վերցրել են կողքի խանութը եւ այս տաքսու վարորդների հետ ուզում են իմ խանութի վրա ստվեր նետել: Ուզում եմ, որ պատճառահետանքային կապը գտնեք»:

Խոսք եղավ նաեւ Հենրիկ Նավասարդյանի այցից հետո ժամանած ոստիկանների մասին, որոնք, երբ իմացան լրագրողների ներկայության մասին, հեռացան: Խանութի աշխատակցուհին հեռախոսազրույցում պարզաբանեց, որ ինքն է կանչել. սեղմել է խանութում առկա անվտանգության ազդանշանը, որով ոստիկանությունը կանչ է ստանում: Նա նշեց, որ շատ վախեցել էր մարդկանց խմբից, որոնք մտել էին խանութ եւ պահանջում էին, որ Գրիգոր Ամալյանին կանչեն:

Գրիգոր Ամալյանը մեր խոսակցության վերջում ասաց նաեւ, որ ինքն անգամ մեկ մեքենայի տեղն է զբաղեցնում, մնացած երկուսինն էլ առաջարկում իր հետ վիճաբանողներին՝ նորից նշելով, թե իր վրա փորձում են ստվեր նետել:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031