Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ տաքսու վարորդներ բողոքում էին, թե Ազատության պողոտային կից տարածքում գտնվող «Ոսկե գետակ» խանութի սեփականատերը տարածք է վարձակալել եւ թույլ չի տալիս , որ այդտեղ որեւէ մեկը կայանի: Տաքսու վարորդները պնդում էին, որ այդ տարածքը շատ ավելի հարմար է իրենց համար. այդտեղից ավելի շատ մարդիկ են իրենց ծառայությունից օգտվում: Նաեւ տեղեկացրել էինք, որ Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վարորդներին խոստացել էր մեկ ժամում լինել խանութի տարածքում: Մինչ կհասնեինք խանութի վայր՝ վարորդներից Գեւորգ Մխիթարյանը պատմեց, որ «Ոսկե գետակ» խանութի սեփականատերը վերցրել է իր խանութի դիմացի հատվածը՝ երեք մեքենայի համար նախատեսված. «Ինքն այդ տարածքում բերում, կանգնեցնում է իր Ջիպերը, էլ տաքսու մեքենան չի երեւում: Հաճախորդը գալիս, տաքսի չի տեսնում, հենց ճանապարհով անցնող տաքսին է կանգնեցնում, էլ չի բարձրանում: Հաճախորդին մեքենան պետք է մոտիկ լինի, տեսանելի լինի: Երեք մեքենայի տեղ է զբաղեցրել, բայց դա նշանակում է, որ այլեւս տաքսու կայանատեղի էլ չկա»,- ասում է նա, ավելացնում, որ ըստ իրենց ունեցած տեղեկատվության՝ խանութին հարակից բանկի հետ պայմանավորվածություն ունեն, որ այդ տարածքում իրենց մեքենաները կանգնեն:
«Մեծ կասկած կա նաեւ, որ նա ուզում է տաքսու սերվիս այստեղ բացել, որ մենք թողնենք, այստեղից հեռանանք: Ինքը իր տաքսու սերվիսը կաշխատացնի: Այս պահի դրությամբ ինքը մեր հետ կոնֆլիկտի մեջ է, ու այդ կոնֆլիկտները շարունակական են»,- ասում է նա: Նշում է, որ խանութի տերը պետք է 300 հազար դրամ վճարեր քաղաքապետարանին վարձակալության համար, սակայն պնդում է, որ 500 հազար է վճարել, ինչն արդեն կոռուպցիոն ռիսկի մասին է խոսում:
Ըստ Գեւորգ Մխիթարյանի՝ իրենց պահանջը՝ Գրիգոր Ամալյանին նշված տարածքը վարձակալությամբ տալու որոշումը չեղարկելն է: Նա նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց պահանջը բավարարվի:
Ըստ մեր զրուցակցի՝ երկու տարի առաջ դիմել են քաղաքապետարան, որպեսզի իրենց այդ տարածքում կայանատեղի տան. «Բողոքեցինք անգամ պետավտոտեսչությունում, տուգանքներն անգամ վերացրեցին, չէին տուգանում, մինչեւ բերեցին, կարմիր գծերը գծեցին, սկսեցինք այդ գումարը մուծել: Հետո էլ եկան փոսը փորեցին, ասացինք՝ ի՞նչ եք անում, ասացին՝ ինձ քաղաքապետարանն այստեղ տեղ է հատկացրել»: Պարոն Մխիթարյանը պնդեց, որ կայանատեղին վարձակալության տալու որոշումը պետք է համաձայնեցնեին տեղի բնակիչների հետ, սակայն նման բան չի եղել:
Կարդացեք նաև
Տաքսու վարորդների՝ «Ոսկե գետակ» խանութի մոտ հասնելուց որոշ ժամանակ հետո Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ինչպես խոստացել էր, ժամանեց: Նա նորից բացատրեց, որ այդ տարածքը օրենքով նախատեսված կարգով՝ վարձակալության է տրվել խանութի տիրոջը: Ըստ վարձակալության պայմանի՝ այստեղ կարող են կայանել նաեւ շենքի բնակիչները, ինչը նաեւ նշված էր այդտեղ ամրացված ցուցապաստառում:
Վարորդները պնդում էին, որ իրենք պահանջում են, որ այդ ցուցապաստառը հանվի, որովհետեւ խանութի սեփականատերը խոչընդոտում է իրենց: Մեկն անգամ նշում էր, որ կայանատեղի տալու որոշումով՝ իրենց «կտրում են հացից»: Նորից հիշեցնում էին, որ խանութի տերն անգամ իրենցից փող է ուզել, որ այդտեղ մեքենա կանգնեցնեն: Հենրիկ Նավասարդյանը մատնանշեց այն տարածքները, որտեղ կարող են վարորդներն իրենց մեքենաները կանգնեցնել. վիճաբանության պատճառ դարձած տարածքից մոտ հարյուր մետր հեռավորության վրա, ինչպես նաեւ՝ դիմացի փողոցում:
Նշենք, որ մեր հասնելու պահին, դրանից որոշ ժամանակ հետո էլ, երբ եկավ Հենրիկ Նավասարդյանը, խանութի սեփականատեր Գրիգոր Ամալյանը խանութում չէր: Աշխատակիցներն ասացին, որ նա ընդմիջման է գնացել:
Պարոն Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց՝ քանի որ խանութի սեփականատերը տեղում չէ, հարցը միակողմանի քննել չի կարող, բայց նա նշեց, որ առաջիկայում քաղաքապետարանում քննարկման կդնեն կայանատեղին խանութի սեփականատիրոջը վարձակալության տալու որոշումը չեղարկելու հարցը, կհասկանան՝ արդյոք արդարացի՞ է վարորդների պահանջը:
Հենրիկ Նավասարդյանի հեռանալուց անմիջապես հետո ժամանեց ոստիկանության աշխատակից՝ նշելով, որ ահազանգ է ստացել, թե մի խումբ մարդիկ փորձել են ներխուժել խանութի տարածք, իրենք եկել են կարգուկանանոն հաստատելու, սակայն երբ իմացավ, որ տարածքում լրագրողներ կան, առանց այլ հարցեր տալու, հեռացավ:
Խանութի սեփականատիրոջ Գրիգոր Ամալյանի հետ Aravot.am-ի զրույցն՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ