Կառավարության որոշմամբ՝ այս տարի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 13 787 տեղ է հատկացվել, որոնցից 1783-ը՝ անվճար:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի փոխանցմամբ՝ միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար այս պահի դրությամբ 11 375 դիմորդ կա. «Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը նվազել է մոտ 400-ով: Բայց ավելացել են Սյունիքի, Տավուշի մարզերից, ԼՂՀ-ից դիմողները»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մելիքյանը:
Նա տեղեկացրեց, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար դիմել է 6266 դիմորդ, «Մաթեմատիկա»-ի՝ 5328, «Անգլերեն»-ի՝ 4822, Ֆիզիկա»-ի՝ 1862: Ամենաքիչն ունի «Իտալերեն լեզու և գրականություն» առարկան՝ 1 դիմորդ: Այս տարի միասնական քննությունների առաջին փուլին «Պարսկերեն» առարկայից քննություն հանձնողներ չկան:
Արդեն հաստատվել են քննությունների օրերը (հունիսի 3-24-ը): Հունիսի 3-ին քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից, հունիսի 7-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, հունիսի 10-ին՝ «Ֆիզիկա», հունիսի 14-ին՝ «Օտար լեզու», հունիսի 17-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 21-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 24-ին՝ «Ռուսաց լեզու»:
Կարդացեք նաև
Այնուհետև՝ հունիսի 25-ից, կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը:
Գագիկ Մելիքյանը նշեց նաև, որ այս տարի 30 քննական կենտրոններ են առանձնացրել՝ 10-ը՝ Երևանում, 20-ը՝ մարզերում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ