Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանի մոտ փոքրիկ դրական տեղաշարժ կա։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը։ «Ռուբենը սկսել է շարժել ձախ ձեռքը։ Ամեն օր մեկ ժամից ավելի նրան հանում ենք դուրս՝ զբոսանքի։ Սնվելն էլ ավելի կանոնակարգվել է»,-մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ Ռուբեն Առաքելյանը շարունակում է բուժում ստանալ Էրեբունի բժշկական կենտրոնում։ 19-ամյա զինվորը վիրավորվել էր Թալիշում. նրա մոտ առկա է ողնուղեղային և կոկորդի վնասվածք։ Ռուբենի մոտ շարժումները սահմանափակվել են։ Նա հիմնականում գլուխն է կարողանում շարժել, իսկ ոտքերը՝ դեռ ոչ։
«Ընդհանուր առմամբ, Ռուբենն իրեն լավ է զգում։ Բայց զբոսանքի ժամանակ նեղվում է սայլակից. չի հարմարվում»։ Տղայի առողջական խնդիրներն ազդել են նաև Ռուբենի մոր՝ Անահիտ Մկրտչյանի վրա։ «Անահիտը հիմա դեպրեսիվ վիճակում է։ Մի քանի օր առաջ Շտապ օգնություն էինք կանչել իր համար։ Այս երկու օրը նա նույնիսկ չի կարողանում գնալ հիվանդանոց՝ որդուն տեսության»,-պատմեց Նարինեն։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ