«Երեւանի քաղաքապետարանը երբեք էլ ճոխ ծախսեր չի արել»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Լրագրողները հետաքրքրվում էին`վարչապետի`գոտիները ձգելու մասին հայտնի հանձնարարականից հետո կրճատե՞լ այն ծախսերը, որոնց համար մշտապես քննադատվել են հանրության կողմից:
Կամո Արեյանն ասաց, որ 26 ծառայողական ավտոմեքենա է կրճատվելու եւ վստահեցրեց, որ քաղաքապետարանում միշտ էլ սկզբունքորեն խնդիրը դրված է եղել` բյուջետային միջոցների արդյունավետ, ռացիոնալ ծախսում:
«Այս պահին հաստիքների կրճատման խնդիր դրված չէ, բայց հաստիքների շռայլության խնդիր էլ մեր առաջ դրված չէ»,- ասաց նա:
Լրագրողների պնդումներին, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես աչքի է ընկել ճոխ ու անիմաստ ծախսերով, օրինակ, թանկարժեք նվերներ եւ խմիչքներ գնելով, Կամո Արեյանը հակադարձեց, որ ներկայացուցչական ծախսերը մեկ անձի ցանկության կամ կամայականության խնդիր չեն: Ըստ նրա, քաղաքապետարանը պետք է ունենա իր ներկայացուցչական պատշաճ ծախսերը եւ «ճոխ ու շռայլ» ձեւակերպումների հետ ինքը համաձայն չէ: «Դրանք անհրաժեշտ ծախսեր են: Մենք չենք գնում եւ չենք գնալու ծայրահեղ շռայլությունների, լինելու ենք զուսպ, կշռադատված, բայց մի բան պետք հստակ բացատրեմ՝ որեւէ կառավարման ինստիտուտ, որեւէ հիմնարկ, առավել եւս մայրաքաղաք՝ իր քաղաքապետարանով, որ աշխարհի բազմաթիվ քաղաքների հետ քույր քաղաք է, ակտիվ ինտեգրման հարաբերությունների մեջ է, վստահեցնում եմ ձեզ, ամենածայրահեղ վիճակում ապրող քաղաքապետարանն անգամ չի կարող զերծ մնալ ներկայացուցչական ծախսերից: Դրանք անհրաժեշտ են, չենք կարող զրոյացնել այդ ծախսերը»,- ասաց Կամո Արեյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ