Իրականությունը ճանաչում են բույրով …
Անհայտ հեղինակ
Շարքային տուրիստը Հայաստան մտնելիս մեր երկիրն ընկալում է իր հինգ զգայարաններով: Կարևոր են իհարկե բոլոր հինգ զգայարաններն էլ: Էական է այն ամենը, ինչ տուրիստը տեսնում է մեր երկրում, լսում է մեր երկրում, ուտում և հատկապես խմում է մեր երկրում, զգում է մեր երկրում: Կարելի է իհարկե աղբամանից հաց հանող մուրացկան տեսած օտարերկրացուն հարկ եղած դեպքում համոզել, որ իր աչքերը խաբում են իրեն և որ դա մուրացկան չէ, այլ նորագույն էքսպերիմենտներ անցկացնող լրջագույն գիտնական: Կարելի է նաև բացատրել, որ իրար գլխի կուտակված տաքսիստների մոտով անցնելիս նրա լսած հայհոյանքները հին հայկական ծիսական տեքստերից քաղված հատվածներ են:
Կարդացեք նաև
Եվ ահա, կարծես, հաջողությունն ապահովված է, եթե չլինեն բույրերը: Օդանավակայանից մայրաքաղաք Երևան մուտք գործող օտարերկրացին ողջ ճանապարհին վայելում է գոմաղբի հոտը և հասնելով ԱՄՆ դեսպանատան մոտ, ավելի շուտ կհավատա, որ դա արբանյակային ալեհավաքներով զինված մի մեծ անասնաֆերմա է, քան աշխարհում ամենամեծ ԱՄՆ դեսպանատներից մեկը: Իր յուրահատուկ բույրով տպավորում է նաև հասարակական տրանսպորտը` հատկապես երթուղային և սովորական տաքսիները, որտեղ բույրն ու մեղեդին միասին զրոյացնում են դեմոկրատիան ուզածդ ուղևորի աչքում:
Լրիվ այլ թեմա են երևանյան միզանցումները (Խորհրդային Հայաստանում` գետնանցումներ):
Միզանցումները բաժանվում են երկու հիմնական խմբերի: Առաջին խումբը դրանք անտեր անցումներն են, որտեղ հասարակական օբյեկտներ չկան, փոխարենը առկա են հասարակական զուգարանին բնորոշ բոլոր հոտերը (Հայրենիքի անցումը, Մաշտոցի պուրակի անցումը, Ս. Սարգիս եկեղեցու մոտի անցումը և այլն):
Երկրորդ խմբին են պատկանում գործող միզանցումները, որտեղ կան հասարակական օբյեկտներ և հիմնականում հենց դրանք էլ ապահովում են անհրաժեշտ ազդեցությունը: Այդպիսին է օրինակ Մամիկոնյանի արձանից դեպի Վերնիսաժ փորված անցումը: Այստեղ ներդաշնակորեն իրար են միախառնվում անցումի մի եզրում գործող գաթա պատրաստող կրպակի և մյուս եզրում միշտ դռնբաց այցելուներին սպասող զուգարանի հոտերը: Պատահաբար այս անցումում հայտնված օտարերկրացուն դժվար կլինի համոզել, որ հենց այդպիսի հոտ էին արձակում Ավարայրի դաշտում սատկած փղերը:
Հայաստանը դեռևս չի կարող դիրքավորվել որպես օծանելիքի երկիր Ֆրանսիայի օրինակով և ոչ էլ որպես համեմունքի երկիր Հնդկաստանի պես: Պատկան մարմինների քթերը շատ վերևում են նման հոտեր առնելու համար, քաղաքապետարանում քաղաքային բույրերի վերահսկման վարչություն չկա, իսկ Սփյուռքի նախարարությունն էլ փակման եզրին է …
Մնում է ճիշտ PR անել և հնարավորինս գրագետ դիրքավորել մեր քաղաքի տհաճ հոտերն ու միզանցումները: Պնդել, որ միզաբուժությունը ցեխաբուժության պես մի բան է, որ նման անցումները մեր քաղաքում պրոֆիլակտիկ-բուժական ֆունկցիա են կատարում` սպանում են վիրուսներին և ահաբեկիչներին: Գուցե աշխատի …
Գուցե արդեն իր աչքերին և ականջներին չհավատացող օտարերկրացին սկսի նաև կասկածել իր մյուս զգայարանների վրա և տուն վերադառնալով ընկերներին պատմի աշխարհի ամենամեծ ու գերժամանակակից անասնաֆերմայի և քաղաքային միզաբուժարանների մասին:
Հայկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ